ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 5-ից մեկնարկում է «Գեղարվեստական տպագրության հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025» նախագիծը:
Միջոցառման գլխավոր գործընկերներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:
Երևանյան Բիենալեի շրջանակում կներկայացվեն աշխարհի 48 երկրի 213 արվեստագետի՝ գեղարվեստական տպագրության ավելի քան 420 աշխատանքներ՝ բազմատեսակ տեխնիկաներով ու ոճերով:
Միջոցառման հատուկ հյուրն է Նորվեգիայի Սոնյա Թագուհու գեղարվեստական տպագրության ամենամյա մրցանակի տնօրեն և ժամանակակից արվեստի առաջատար գործիչ Թրուդե Գոմնես Ուգելստադը: Վերջինս նաև երևանյան Բիենալենի ժյուրիի նախագահն է:
«Գեղարվեստական տպագրության հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025»-ի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, «ՀայԱրտ» կենտրոնում:
Հայաստանում կերպարվեստի ոլորտում և տարածաշրջանում միակ Գեղարվեստական տպագրության Բիենալեն իրականացվում է «Հայաստան» համահայակական հիմնադրամի, «ՀայԱրտ» կենտրոնի, Երևանում Ֆրանսիական ինստիտուտի, Երևանում Գյոթե ինստիտուտի, Սարսելիի միջազգային փորագրության բիենալեի (Փարիզ), Xylon կազմակերպության (Ավստրիա), G. Urban Platform-ի (Մյունխեն), Arloopa-ի, Arnenecoop-ի և Villa Delenda-ի աջակցությամբ: