ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության 1972 թ. կոնվենցիայի շրջանակում կատարվող աշխատանքների և ընթացիկ հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հանդիպումը։

Աշխատանքային խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ ՀՀ արտաքին գործերի, Շրջակա միջավայրի նախարարություններից, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն», «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ներից, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության իստիտուտից, ՀՀ ԳԱԱ պատմության իստիտուտից, «ԻԿՕՄՕՍ Հայաստան» հասարակական կազմակերպությունից։

Նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության 1972 թ․ կոնվենցիայի ազգային համակարգող Հարություն Վանյանը գործընկերներին ներկայացրել է Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում վերջին 2 տարիներին ընդգրկված 3 հուշարձանները՝ «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը», «Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան»։ Ամփոփելով իրականացված աշխատանքերը՝ նա շնորհակալություն է հայտնել հայտերի պատրաստմանն աջակցած կազմակերպություններին։

Հարություն Վանյանը տեղեկացրել է նաև, որ ևս մեկ հայտ է պատրաստվել և ներկայացվել ՅՈՒՆԵՍԿՕ, որի վերաբերյալ առաջիկայում կհայտարարվի։

Պետություն-մասնավոր համագործակցությամբ պատրաստվում է ևս մեկ հայտ. այն վերաբերում է «Արենի-1» քարայրին և գինեգործության հետ վերջինիս կապին:

Հանդիպման ընթացքում նախանշվել են Համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձաններ ընդգրկելու ուղղությամբ հետագա անելիքները։ Մասնավորապես՝ քննարկվել են նախնական ցանկում ընդգրկված հուշարձանները հիմնական ցանկ տեղափոխելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նախնական ցանկում ընգրկվելու չափանիշներին համապատասխանող մի շարք հուշարձանների առաջադրման հավանականությունը։ Ցանկում որպես առանձին բաղադրիչ ներառելու նպատակով քննարկվել է նաև բնության հուշարձան առաջադրելու հնարավորությունը։