Սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրի նորակառույց դպրոցի բացման արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, պաշտոնատար այլ անձինք:

Շնորհավորելով ներկաներին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ՝ ՀՀ նախագահն ընդգծել է կրթության առաջնահերթությունը Հայաստանի համար:

«Ժամանակակից աշխարհում Հայաստանի Հանրապետությունը կարող է մրցունակ լինել միայն գիտելիքով և կրթության որակով։ Պատահական չէ, որ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ 2021 թվականից իրականացնում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, որով կառուցվում, վերակառուցվում և հիմնանորոգվում են կրթական հաստատություններ։ Վստահ եղեք՝ մեր հաջողությունները կախված են նրանից, թե ինչպիսի կրթություն ենք տալիս ապագա սերունդներին»,-ասել է Վահագն Խաչատուրյանը:

Այնուհետև ՀՀ նախագահն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալը շրջել են ուսումնական հաստատությունում, ծանոթացել ստեղծված պայմաններին և կատարված աշխատանքներին։