Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է մի շարք ուսումնական հաստատություններ՝ շնորհավորելու նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով:

Դանիել Դանիելյանը նախ այցելել է Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց, որտեղ սովորում է 600 աշակերտ: Շնորհավորելով դպրոցականներին Գիտության և դպրության օրվա կապակցությամբ՝ նախարարի տեղակալը նշել է. «Այսօր դուք գտնվում եք մի յուրօրինակ օդանավակայանում, որտեղից սկսվում է հետաքրքիր ճամփորդություն դեպի կրթություն ու մշակույթ՝ բացահայտելու հրաշքներով լի մի աշխարհ: Լավ սովորելով` դուք կառուցում եք ոչ միայն ձեր, այլև մեր երկրի ապագան: Անկախ ձեր հետագա մասնագիտական ուղուց` կրթությունը, հատկապես մշակութային կրթությունը ձեզ կօգնի ձևավորվել որպես անհատ և դառնալ օրինապահ քաղաքացի»: Նա գնահատանքի խոսքեր է հղել նաև ուսուցիչներին՝ շնորհակալություն հայտնելով մասնագիտական առաքելությունը մեծ պատասխանատվությամբ ու պատվով իրականացնելու համար:

Հաջորդիվ նախարարի տեղակալն այցելել է Ե. Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոց, ողջունել առաջին դասարանցիներին և նրանց մաղթել բարի երթ: Նշենք, որ Ե. Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում սովորում է 750 աշակերտ, որից 86-ը՝ առաջին դասարանցի:

Նախարարի տեղակալը շնորհավորել է նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներին: Նա, մասնավորապես, այցելել է Երևանի պարարվեստի պետական քոլեջ, որտեղ սովորում են 108 4-9-րդ դասարանցի և 281 ուսանող՝ պարարվեստի մասնագիտացմամբ։ Շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն առանձնակի շնորհակալություն է հայտնել ծնողներին՝ կարևորելով նրանց առաջնային դերը երեխաների ինքնուրույնության ձևավորման, ինչպես նաև դեպի մշակույթ ու կրթություն ուղղորդելու ճանապարհին:

Հաջորդ այցը Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ էր, որտեղ կրթվում է շուրջ 450 ուսանող: Օրվա կապակցությամբ երաժշտական կատարմամբ հանդես է եկել քոլեջի ջազ նվագախումբը: Ուսանողներին մաղթելով մասնագիտական ձեռքբերումներ և բեմական նվաճումներ՝ Դանիել Դանիելյանն առաջին կուրսեցիներին հանձնել է ուսանողական գրքույկները: Նա սովորողներին և մանկավարժական կազմին մաղթել է բեղմնավոր ուսումնական տարի՝ ստեղծագործական հագեցած պահերով լի: Այցի շրջանակում նախարարի տեղակալը նաև շրջայց է կատարել ուսումնական հաստատությունում, ծանոթացել առկա պայմաններին, քննարկել խնդիրները՝ կարևորելով ռեսուրսները հնարավորինս արդյունավետ շահագործելու անհրաժեշտությունը: