ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող հոգեբանների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը՝ ժամը 18:00։
Կամավոր ատեստավորման գործընթացը կիրականացվի՝ համաձայն ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 12-ի «Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և կամավոր ատեստավորման արդյունքով մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետներին և մանկավարժական աշխատողներին հավելավճարի տրամադրման կարգը հաստատելու մասին» 772-Ն որոշման:
Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի at.emis.am հարթակի միջոցով։ Հայտը ներկայացնելուց հետո նույն էջում դիմողը ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:
Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) անունը, ազգանունը, հայրանունը,
2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը),
3) բնակության վայրը (մարզը, համայնքը),
4) ուղղությունը, որից դիմողը պատրաստվում է ատեստավորվել,
5) հանրային ծառայությունների համարանիշը,
6) էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը:
Կամավոր ատեստավորման հայտ կարող են ներկայացնել.
1) Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների և պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող կազմակերպությունների հոգեբանները:
2) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշմամբ սահմանված պահանջներին բավարարող հոգեբաննները, որոնք համակարգում չեն աշխատում:
3) Ոչ պետական նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանները:
4) Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող հոգեբանները:
Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում:
Հայտերի լրացման մանրամասների վերաբերյալ հղումը՝ ստորև
- https://support.emis.am/article/910
- կայքից օգտվելու ուղեցույցը՝ https://shorturl.at/Mlh8b
Ատեստավորման անցկացման ժամանակացույցը կհաստատվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և սահմանված կարգով կհրապարակվի։
Ատեստավորված հոգեբանների համար խրախուսման մեխանիզմը կկիրառվի 2026 թվականի հունվարից: