ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոց, որտեղ 2025/26 ուսումնական տարում առաջին դասարան է հաճախելու ավելի քան 90 աշակերտ։

Նախարարի տեղակալը մասնակցել է Գիտելիքի և դպրության օրվան նվիրված տոնական միջոցառումներին, շնորհավորել աշակերտներին, ծնողներին ու ուսուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։

«Դուք մեր երկրի ապագան եք․ ձեր կրթությունը, ինքնաճանաչողությունը, ներուժի բացահայտումն ամենակարևոր ներդրումն են պետության կայունության, խաղաղության և զարգացման գործում։ Հուսով եմ, որ դպրոցը ձեզ համար կլինի ոչ միայն գիտելիք ստանալու, այլև արժեքների, հարգանքի, փոխըմբռնման և համագործակցության լավագույն միջավայր։ Եթե ուզում ենք ունենալ արդար, գիտակ, ստեղծարար և մարդասեր քաղաքացի, ապա պետք է հենց դպրոցում ստեղծենք այնպիսի միջավայր, որտեղ դուք կունենաք ազատ հարցեր տալու, սխալվելու, վերլուծելու ու վերագտնելու հնարավորություն՝ առանց վախի և ճնշման։ Նոր ուսումնական տարվա մեկնարկը միշտ նոր հույսերի, ծրագրերի և նպատակների սկիզբ է։ Թող 2025-2026 ուսումնական տարին լինի վերափոխումների, հաղթանակների և համագործակցության տարի։ Պետք է փորձենք միասին խթանել մի կրթական մշակույթ, որտեղ ուժեղը ոչ թե ճնշում է, այլ օգնում, որտեղ գնահատվում է բազմազանությունը, իսկ անվտանգությունը դառնում է կրթության որակի անբաժան բաղադրիչ»,- շնորհավորանքի խոսքում ասել է Ալֆրեդ Քոչարյանը։

Նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ 2025-2026 ուսումնական տարին հռչակվել է անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի, որը ոչ միայն կարգախոս է, այլև սկզբունք, որով պետք է առաջնորդվել ուսումնական գործընթացը կազմակերպելիս։

«Այս տարվա խորագիրը մեզ ուղղորդելու է ավելի մեծ ուշադրություն դարձնել դպրոցներում և մյուս ուսումնական հաստատություններում անվտանգ և ապահով կրթական միջավայրի ձևավորմանը։ Այն ոչ միայն կարգախոս է, այլև մեր հստակ հանձնառությունը՝ ստեղծելու կրթական այնպիսի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է սովորել՝ վստահ լինելով, որ իր ֆիզիկական և հոգեբանական անվտանգությունն առաջնահերթություն է, որը նպաստելու է գիտելիքի յուրացմանը, ստեղծագործ մտածողության և ինքնավստահ անհատի ձևավորմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։

Նա վերահաստատել է պետության հանձնառությունը՝ կրթությունը դարձնել ոչ միայն մատչելի, այլև որակյալ, անվտանգ և հավասար հնարավորություններով բոլորի համար։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև հորդորել է աշակերտներին ակտիվորեն օգտվել դպրոցական բաժանորդային համակարգի հնարավորություններից՝ անվճար այցելելով թանգարաններ ու թատրոններ և անմիջականորեն առնչվելով մշակութային կյանքին։

Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Այվազյանը ևս շնորհավորել է նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ առաջին դասարանցիներին մաղթելով բազում հաջողություններ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն այնուհետև շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել ենթակառուցվածքային պայմաններին, աշակերտների նախագծային աշխատանքներին, ինչպես նաև զրուցել առաջին դասարանցիների հետ՝ նրանց մաղթելով հաջողություններ և արդյունավետ ուսումնական տարի: