ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել մայրաքաղաքի կրթամշակութային մի շարք հաստատություններում՝ ընթացող շինարարական և վերակառուցման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։

Առաջին կանգառը Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանն էր, որտեղ շուրջ 620 ուսանող է սովորում։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է վերակառուցված հաստատության ընձեռած հնարավորությունները, տարածքային նպատակահարմարությունները, գույքային հագեցվածությունը, ճաշարանի և բացօթյա մարզումային տարածքի անհրաժեշտությունը:

Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Մարիամ Հակոբյանի խոսքով՝ արվեստանոցների նախագծման ու գույքի համալրման աշխատանքներն իրականացվել են անհրաժեշտ չափորոշիչների համաձայն:

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպել է նաև Հայաստանի ուշուի հավաքականի անդամներին, որոնք նաև Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողներ են և առաջիկայում Բրազիլիայում մասնակցելու են աշխարհի առաջնությանը: Ժաննա Անդրեասյանը հաջողություն և հաղթական վերադարձ է մաղթել մարզիկներին:

Հաջորդաբար նախարարն այցելել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որտեղ ընթացքի մեջ են հիմնանորոգման աշխատանքները։ Պետության աջակցությամբ իրականացվել է լսարանների և մասնագիտական դասարանների ամբողջական վերանորոգում, արդիականացվել են օդափոխության և ջեռուցման համակարգերը, իրականացվել է պատուհանների և դռների փոխարինում, ինչպես նաև նոր գույքի և երաժշտական գործիքների ձեռքբերում։ Վերանորոգվել են գրադարանը, հրատարակչության սենյակը և ձայնադարանը:

Շրջայցի հաջորդ կանգառը Հովհաննես Թումանյանի թանգարանն էր։ Թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը ներկայացրել է կատարված աշխատանքները: Նրա խոսքով` հիմնանորոգման ընթացքում պարզվել է՝ թանգարանի երկրորդ մասնաշենքի մի պատը հնարավոր չէր ամրակայել, ինչի հետևանքով նոր նախագծի անհրաժեշտություն է առաջացել: Առաջին մասնաշենքում ներկայում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում, իսկ երկրորդ մասնաշենքն ամբողջությամբ վերակառուցվում է։ Նշվել է նաև, որ Թումանյանի թանգարանը ներկայում գործում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում:

Ժաննա Անդրեասյանը հաջորդաբար այցելել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենք։ Թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանի ուղեկցությամբ նա ծանոթացել է ներքին հարդարման աշխատանքներին և ստեղծված ժամանակակից պայմաններին։ Թատրոնը ապահովված է նոր բեմով, լուսային ու ձայնային համակարգերով և տեխնիկական ժամանակակից հնարավորություններով։ Նախատեսվում է, որ առաջին հարկում գործելու է փոքր բեմ՝ փորձարարական ներկայացումների համար, իսկ երկրորդ հարկում կտեղակայվի մեծ դահլիճը՝ ավելի քան 230 հանդիսականի համար։ Ավարտվել է նաև հանդերձարանների և սանհանգույցների վերանորոգումը: Առաջիկայում նախատեսվում է իրականացնել դահլիճի կահավորումը: Նախասրահում նախատեսվում է ունենալ նաև Սոս Սարգսյանին նվիրված թանգարանային հատված: Ըստ տնօրենի՝ թատրոնի բացումը նախատեսված է աշնան վերջին։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ թատրոնի շահագործումը սպասված իրադարձություն է, քանի որ այն լինելու է Հայաստանում վերջին տարիներին նորակառույց միակ թատրոնը:

Կրթամշակութային հաստատություններ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է շինարարական աշխատանքների պատշաճ իրականացումն ու նախանշված ժամկետների պահպանումը: