Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը:

Նախարարը ներկայացրել է 2025-2026 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները, նախորդ ուստարվա հիմնական արդյունքները, ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը, ՀՊՉ ներդրման շրջանակում ստեղծված նոր՝ 220 դասագրքերը, ինչպես նաև պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:

Հայտարարվել է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»

Ողջունելով ներկաներին՝ նախարարն անդրադարձել է նախարարության նոր մոտեցմանը՝ յուրաքանչյուր ուսումնական տարին անցկացնել որոշակի խորագրով: Նախարարի հիշեցմամբ՝ նախորդ ուստարին հայտարարվել էր մշակութային կրթության տարի, և ամբողջ տարվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատություններում ակտիվորեն իրականացվել են տարբեր քննարկումներ, աշխատաժողովներ, փառատոններ, նախագծային աշխատանքների ներկայացում և այլ միջոցառումներ, որոնք առաջին հերթին ուղղված էին խրախուսելու երեխաների մշակութային կրթությունը: Այս ուսումնական տարին հայտարարվել է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»:

2025 թվականի առաջին կիսամյակում 210.000 դպրոցականներ այցելել են մշակութային հաստատություններ

Նախարարի տեղեկացմամբ՝ պետությունն իրականացնում է բաժանորդային ծրագիր, որը հնարավորություն է տալիս դպրոցականներին այցելել թանգարաններ, թատրոններ և համերգասրահներ:

«2025 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշներով ավելի քան 210.000 դպրոցականներ այցելել են թատրոններ, համերգասրահներ և թանգարաններ: 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը 176.000 է եղել: Այսինքն՝ գրանցվել է էական աճ: Դպրոցականների՝ մշակութային հաստատություններ այցելության ընդհանուր թիվը 2024 թվականին եղել է շուրջ 300.000: Վստահ եմ, որ այս տարին ամփոփելիս արձանագրելու ենք՝ էապես ավելացել է մշակութային հաստատություններ հաճախող դպրոցականների թիվը: Դպրոցներում իրականացվել է նաև «Մշակութային վերջին զանգ» ծրագիրը, որը նաև մրցութային բնույթ ուներ: 179 դպրոցներ մասնակցել են նոր ձևաչափով վերջին զանգի միջոցառման իրականացմանը. այս քաղաքականությունը կշարունակվի նաև այս տարի, սակայն այս տարվա խորագիրը մեզ ուղղորդելու է նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել դպրոցներում և մյուս ուսումնական հաստատություններում անվտանգ և ապահով կրթական միջավայրի ձևավորմանը»,- ասել է նախարարը` շեշտելով, որ մեծ ուշադրություն է դարձվելու այն աշխատանքներին, որոնք խրախուսում են սովորողների առողջ ապրելակերպը, ֆիզիկական ակտիվությունը, վնասակար սովորություններից զերծ մնալը, բռնության կանխարգելումը և ընդհանրապես ցանկացած բռնությունից զերծ միջավայրի ապահովումը:

Դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց

Ժաննա Անդրեասյանի ընդգծմամբ՝ տարվա ընթացքում բազմաթիվ անելիքներ են պլանավորվում թե՛ սովորողների, թե՛ մանկավարժների ուղղությամբ:

«Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որում նկարագրված կլինեն աշխատանքները բոլոր կարևոր ուղղություններով: Տարվա ընթացքում պլանավորել ենք բազմաթիվ առանձին միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն անվտանգության և ապահով միջավայրի առանձին թեմաների ներկայացմանը՝ ֆիլմերի դիտումներ, թատերական ներկայացումներ, նախագծային աշխատանքներ և այլն: Իհարկե, նաև վերապատրաստումներ են նախատեսված: Տարվա ընթացքում կկազմակերպվեն նաև հանդիպումներ անվանի մարզիկների հետ, որոնք իրենց օրինակով և վարքականոնով ցույց կտան, թե ինչ կարևոր է ֆիզիկական առողջ ակտիվությունը և այն աշխատանքը, որն օգնում է մարզել ոչ միայն մարմինը, այլև միտքն ու հոգին»,- ասել է նախարարը:

Ստեղծվել է ավելի քան 220 նոր դասագիրք

Անդրադառնալով դպրոցական դասագրքերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս տարվանից հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում, իսկ 12-րդ դասարանում կներդրվի գալիք տարվանից: Նախարարի ներկայացմամբ՝ նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ կատարվել է նոր դասագրքերի ստեղծման մեծածավալ աշխատանք, որը մեկնարկել է 2023 թվականից: Երեք տարվա ընթացքում ստեղծվել է ավելի քան 220 նոր դասագիրք: Ասուլիսի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչներին ցուցադրվել են նոր ստեղծված բոլոր դասագրքերը:

«Բարեփոխելով և էականորեն վերափոխելով դասագրքաստեղծման գործընթացը, ձևավորելով մրցակցային միջավայր՝ ներդրվել են նոր դասագրքեր, որոնք նաև այս տարվա մրցույթների արդյունքով որակական մեծ փոփոխություն են կրել:

Երեք տարիների ընթացքում արդեն իսկ տպագրել ենք ավելի քան 220 դասագիրք։ Ընդ որում, պետք է նշեմ, որ, օրինակ, այս տարվա արդյունքներով դասագրքերի շուրջ 45%-ն այլընտրանք է ունեցել, ինչը նշանակում է, որ նույն առարկայի նույն դասարանի համար ունեցել ենք երկու դասագիրք, ինչը դպրոցներին ընտրության հնարավորություն է տալիս: Ուսուցիչները հնարավորություն են ունեցել ընտրելու իրենց ավելի հարմար դասագիրքը, և սա նշանակում է, որ իսկապես հսկայական աշխատանք է կատարված, որը մեր ուսուցիչներին հնարավորություն է տվել ընտրելու նոր ուսումնական նյութեր, դասավանդման նոր մոտեցումներ: Դասագրքերը ոչ միայն ներկայացնում են գիտելիքի և փաստերի ամբողջություն, այլև մեթոդաբանական որոշակի հնարքների և շղթայի ամբողջություն են: Մասնավորապես, այս տարի առաջին դասարանում մենք աշխատելու ենք նոր չափորոշչով, ունենք նոր այբբենարաններ և նույնիսկ ուսուցման մեթոդներում առաջարկված են նորություններ: Շատ կարևոր եմ համարում, որ դասագրքերն էլեկտրոնային տարբերակով դեռևս մայիսին, հունիսին հասանելի են եղել, և ուսուցիչները ժամանակ են ունեցել ծանոթանալու, ընտրելու դասագրքերը: Ուսուցիչների հետ ամառվա ընթացքում նաև շատ ակտիվ քննարկումներ են կազմակերպում դասագրքերի հեղինակները»։

Դասագրքերի բաշխումը հիմնականում ավարտված է

Նախարար Ժաննա Անդրեասյանի հավաստիացմամբ՝ դասագրքաստեղծման գործընթացը մշտապես պահվելու է ուշադրության կենտրոնում. «Մեծ ուշադրություն ենք դարձնելու նաև դասագրքերի կիրառման ընթացքում դպրոցներից ստացվող հետադարձ կապին և արձագանքին, դրանք նաև հընթացս լավարկելով, որովհետև յուրաքանչյուր աշխատանքի պարագայում դրա կարիքը զգացվում է: Վստահ եմ, որ այս համատեղ աշխատանքը մեր դպրոցներում որակյալ դասավանդման հնարավորություններ է ընձեռում»։

Նախարարն անդրադարձել է նաև բացակայող գրքերին` նշելով, որ ստեղծված 159 անուն նոր դասագրքերը ծածկում են դպրոցական կրթության կարևորագույն առարկաները. «Սակայն ունենք որոշ առարկաներ, որոնց շրջանակում դեռևս օգտագործվում են հին դասագրքեր։ Այս առարկաների ուսուցումն իրականացվում է այս պահին գործող և արդեն որոշ ժամանակ դպրոցներում գործածվող դասագրքերով։ Խոսքը հիմնականում վերաբերում է ավագ դասարաններին»,- ասել է նախարարը:

Նախարարի նշմամբ՝ դասագրքերի բաշխումը հիմնականում ավարտված է, չորս մարզերում դրանք կավարտվեն օգոստոսի 28-ին, և սեպտեմբերի 1-ին ուսումնական գործընթացը կիրականացվի ըստ պատշաճի։

Իսկ որոշ առարկաների, մասնավորապես՝ ավագ դասարաններում «Հայաստանի պատմության», դասավանդումը մինչև նոր դասագրքերի ստեղծումը կիրականացվի ուսումնական թղթապանակներով:

«Դպրոցներն արդեն ստացել են ուսումնական նյութերը, որոնք կտրամադրվեն ուսուցիչներին և սովորողներին: Իհարկե, զուգահեռաբար նաև 10-րդ և 11-րդ դասարանի «Հայաստանի պատմության» դասագրքերի մրցույթները հայտարարված են, ու ես վստահ եմ, որ կունենանք առաջարկներ, որոնք արդեն կկարողանան նաև որպես հիմնական ուսումնական նյութ կիրառվել դպրոցներում»,- նշել է նախարարը` պարզաբանելով, որ նշված դասարաններում «Հայաստանի պատմության» դասագրքերի հայտ գարնանը հայտարարված մրցույթի ժամանակ չի ներկայացվել:

Սեպտեմբերի 1-ին 20 նոր դպրոց կբացվի

Ասուլիսի ընթացքում նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին և նշել, որ իրականացվող ծավալուն աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու համար աշխատում է շատ մեծ թիմ՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ: «Կատարվում է ամենօրյա աշխատանք, որպեսզի մեր երեխաների համար ապահովվեն նշված ցուցանիշները՝ առաջին հերթին ժամանակակից, արդիական, անվտանգ պայմանները: Սեպտեմբերի 1-ին շուրջ 20 դպրոցներ կկարողանան նոր պայմաններում սկսել ուսումնական գործընթացը, մինչև տարեվերջ ևս մի քանի տասնյակ դպրոցում կավարտենք աշխատանքները: Իրականացվում են մշտադիտարկման աշխատանքներ՝ թերությունների վերացման, գույքով կահավորման, մնացած աշխատանքների պատշաճ իրականացման համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ընդունելության արդյունքների մասին

Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարության քաղաքականությամբ գերակա ճանաչված որոշ ուղղություններով ուսանողներին ավելի բարձր կրթաթոշակ է հատկացվում՝ խրախուսելու գերակա մասնագիտությունները: «Միջին մասնագիտական կրթական ծրագրերով գերակա համարվող 15 մասնագիտություններով այս տարի միայն առաջին փուլում ընդունվել է 825 դիմորդ, երբ անցյալ տարի առաջին և երկրորդ փուլերի արդյունքում 717 դիմորդ էինք ունեցել, իսկ առաջին տարում 445 դիմորդ էր եղել: Այս դինամիկան վկայում է ծրագրի նկատմամբ դրական հանրային արձագանքի մասին: Գերակա մասնագիտություններով սովորող ուսանողները նաև պետք է պատշաճ առաջադիմություն ունենան, որպեսզի առաջին տարվանից հետո շարունակեն ստանալ կրթաթոշակը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ՄԿՈՒ հաստատությունների ընդունելության քննություններն ավարտվել են. անցյալ տարի ավելի քան 14.000 ուսանող էր գրանցվել համակարգում, այս տարի միայն առաջին փուլի արդյունքներով 15.000-ին մոտ ցուցանիշ է գրանցված, իսկ լրացուցիչ փուլի արդյունքները դեռ ամփոփված չեն:

2025-2026 ուսումնական տարվա ընդունելության արդյունքներով բուհերում թափուր տեղերի թիվը հինգ անգամ պակաս է 2024-ի ցուցանիշից. այդ տարվա 6174 թափուր տեղի համեմատ՝ 1174 թափուր տեղ այս տարի: «Մենք շարունակում ենք մեծ ուշադրություն դարձնել բնագիտամաթեմատիկական ոլորտի զարգացմանը, և այս տարի գրանցվել է ԲՏՃՄ ուղղությամբ ընդունելության 5% աճ: Ընդհանուր առմամբ՝ այս տարի ընդունվածների 60 %-ը սովորելու է ԲՏՃՄ մասնագիտություններով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագիրը կշարունակվի

Նախարարի տեղեկացմամբ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին կրթաթոշակի տրամադրման քաղաքականությունը կշարունակվի նաև այս ուսումնական տարում բուհեր և ՄԿՈՒ հաստատություններ ընդունվածների համար: Երկրորդ տարվանից առաջադիմության որոշակի պահանջ կա, ինչը, նախարարի խոսքով, կարևոր է լավ սովորելու, անհրաժեշտ մասնագիտական հմտություններ ունենալու, աշխատաշուկայում մրցունակ լինելու տեսանկյունից:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների աջակցությունը շարունակվում է ՀՀ կառավարության 2023թ․ հոկտեմբերի 12-ի N 1762-Լ և 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշումների համաձայն: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցումը կտրվի մինչև տվյալ կրթական մակարդակում ուսումնառության ավարտը․ 2024-2025 ուստարվա երկրորդ կիսամյակի ընթացքում աջակցություն է ստացել համապատասխանաբար 1029 և 883 ուսանող։

Ասուլիսի ընթացում նախարարը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև դպրոցների տնօրենների նշանակմանը, կամավոր ատեստավորմանը, կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության բացառմանը, «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացքին, հուշարձանների վերականգնմանը, Ցեղասպանության հուշահամալիրի վերակառուցմանը և մի շարք այլ թեմաների: