Արագածոտնի մարզում դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ կայացել է օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարարության և մարզպետի աշխատակազմի կրթության ոլորտի պատասխանատուներ:

Խորհրդակցության մեկնարկից առաջ կայացել է «Կրթական էքսպո», որի ընթացքում դպրոցականները ներկայացրել են նախորդ ուստարում տարբեր առարկաներից լավագույնը ճանաչված իրենց նախագծային աշխատանքները: Հաջորդիվ ԿԳՄՍՆ-ի կողմից շնորհակալագրեր են հանձնվել անցած ուստարում «Ամսվա լավագույնները» մրցույթում հաղթած մանկավարժներին։

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը խորհրդակցության ընթացքում մանրամասն արձանագրել է անցած ուսումնական տարում ընդհանուր կրթական ձեռքբերումների համատեքստում Արագածոտնի մարզի հաջողությունները՝ ուսուցիչների կամավոր ատեստավորումից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվածների ցուցանիշներ։

Նոր ուսումնական տարվա անելիքներին անդրադառնալով՝ նա շեշտադրել է, որ հանրակրթության նոր չափորոշիչը գալիք ուսումնական տարում ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում, իսկ 12-րդ դասարանում կներդրվի հաջորդ տարվանից։ Իրավական կարգավորումների տեսանկյունից պարզաբանվել են նաև ուսումնական հաստատությունների ֆինանսավորման և ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։

ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի», որի նպատակն է դպրոցներում բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ ապահովելը։ Այս համատեքստում նա մանկավարժներին հորդորել է իրազեկմամբ աջակցել բռնության հայտնաբերման և կանխարգելման կարևոր գործին։

Տնօրենների և վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ խորհրդակցությանը հաջորդել են ևս երկու առանձին խորհրդակցություններ՝ մարզի նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարների հետ։

Հանդիպումներն ամփոփվել են հարցուպատասխանով։

Եզրափակելով քննարկումները՝ Արաքսիա Սվաջյանը բոլորին մաղթել է արդյունավետ և հաջողակ ուսումնական տարի: