Չինաստանի Չանդու քաղաքում օրերս անցկացված «Աշխարհի խաղեր-2025» մրցաշարի մարտական սամբոյի մրցումներում Հայաստանի ներկայացուցիչ, 98 կգ քաշային Արման Ավանեսյանը դարձել է ոսկե մեդալակիր։ Այս առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է մարզիկին, նրա անձնական մարզիչ Իվան Ազիզբեկյանին և հավաքականի մարզչին՝ Վովիկ Խոջոյանին՝ շնորհավորելու և շնորհակալություն հայտնելու կատարած աշխատանքի համար։
«Դուք ցույց եք տվել ոչ միայն ֆիզիկական ուժ դրսևորելու կամք, այլև արտահայտել եք հաղթանակ կերտելու Ձեր արժեհամակարգը: Այս հաղթանակը, ինչ խոսք, մարզչական կազմի տարիների աշխատանքի ու ջանքի, անմնացորդ նվիրվածության արդյունքն է: Ձեր աշխատանքն արժանի է ամենաբարձր գնահատանքին: Մեր մարզիկներին արժևորելը, խրախուսելն ու նոր հաղթանակների մղելը պետական քաղաքականության և սպորտի ռազմավարության առանցքային թիրախներից է»,- ասել է Հասմիկ Ավագյանը՝ շնորհավորելով հաղթանակի կապակցությամբ:
Մարզաձևի ներկայացուցիչները պատմել են հեղինակավոր մրցաշարի մանրամասները, կիսվել տպավորություններով՝ կարևորելով հաղթանակը թե՛ անձնական հաջողության, թե՛ պետական ներկայացուցչության և Հայաստանում սամբոյի հանրահռչակման ու տարածման տեսանկյունից:
Նշենք, որ Արման Ավանեսյանը ճանաչվել է նաև Խաղերի լավագույն սամբիստ ու արժանացել մրցանակի, որը նրան հանձնել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը: Արման Ավանեսյանը մարտական սամբոյի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: