ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, 18-ամյա Համլետ Մանուկյանին, որը Գերմանիայում անցկացված Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) դարձել է ոսկե մեդալակիր:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Ողջունելով երիտասարդ մարզիկին և թիմի ներկայացուցիչներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է նշանակալի հաջողության առթիվ և ընդգծել․ «Ձեր հաղթանակները ոչ միայն ոգևորում են, այլև վստահություն են ներշնչում, որ մարմնամարզության զարգացման հարուստ ավանդույթները շարունակվելու են նոր սերնդի և փորձառու մասնագետների համատեղ ջանքերով։ Ուսանողական սպորտի խթանումը մեր պետական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է»։

Նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը նաև շնորհակալություն է հայտնել մարզչական թիմին գործադրած ջանքերի և նվիրումի համար:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Համաշխարհային ունիվերսիադայի մարմնամարզության մրցումներում մրցակցությունը լուրջ էր․ մասնակցել են աշխարհի, Եվրոպայի առաջնությունների և Օլիմպիական խաղերի շուրջ 100 մեդալակիր մարզիկներ։ Հակոբ Սերոբյանի գնահատմամբ՝ նմանօրինակ մրցաշարում հաղթողի կոչմանն արժանանալը կարևոր ձեռքբերում է և՛ Համլետի, և՛ թիմի համար:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է ոլորտի զարգացման հեռանկարներին՝ հիշեցնելով, որ նախօրեին տեղի է ունեցել Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքը։ Նշվել է, որ ժամանակակից ստանդարտներին համապատասխանող համալիրը նախատեսվում է շահագործման հանձնել 2027 թվականին, երբ Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։

Հիշեցնենք, որ Համլետ Մանուկյանը Գերմանիայում նվաճել է Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակության միակ մեդալը՝ նժույգ թափեր վարժության եզրափակչում վաստակելով 14.933 միավոր։

Ամփոփելով առաջնության արդյունքները՝ ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը նշել է, որ մրցաշարին մասնակցել են ավելի քան 150 երկրի շուրջ 9 հազար մարզիկներ՝ այդ թվում Օլիմպիական խաղերի մեդալակիրներ, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներ:

Հայաստանը ներկայացրել են 18 մարզիկներ, որոնք հանդես են եկել յոթ մարզաձևում՝ լող, սպորտային մարմնամարզություն, գեղարվեստական մարմնամարզություն, ձյուդո, սուսերամարտ, թաեքվոնդո և աթլետիկա։ Հայաստանի պատվիրակության մասնակցությունը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։