Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, վարչատնտեսական մասի համակարգողների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը,Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍՆ և մարզպետարանի ներկայացուցիչներ։

Մինչ խորհրդակցությունը հյուրերը և մասնակիցները շրջել են «Կրթական էքսպո» ցուցահանդեսի տաղավարներով, որտեղ ներկայացվել էին մարզի դպրոցների լավագույն նախագծային աշխատանքները: Պաշտոնյաները աշակերտների հետ զրուցել են աշխատանքների ընթացքի, վերջնարդյունքների, ընձեռած հնարավորությունների մասին։

Օգոստոսյան խորհրդակցությունը մեկնարկել է մարզի՝ նախորդ ուստարվա ընթացքում «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված մանկավարժներին ԿԳՄՍ նախարարության կողմից տրված շնորհակալագրերի հանձնման արարողությամբ։

Խորհրդակցության ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը անդրադարձել է ոլորտի մի շարք հարցերի, որոնք առնչվում են ուսումնական գործընթացի կազմակերպման առանցքային խնդիրներին, դասագրքերին, հանրակրթության նոր չափորոշչին, ԲՏՃՄ լաբորատորիաների ներդրմանը և դրանց արդյունավետ կիրառմանը, 4-րդ և 9-րդ դասարաններում քննությունների նոր ձևաչափին, խմբակների և երկարօրյա ծառայության բարելավմանը, ուսուցիչների կամավոր ատեստավորմանը և տարակարգի տրամադրմանը, նախագծային աշխատանքների կազմակերպմանը, հաստատությունների ֆինանսավորման մոդելին, խելամիտ հարմարեցումներին, հաստիքացուցակներին, ուսուցիչների՝ կարիքի վրա հիմնված վերապատրաստումներին և այլն։

Արաքսիա Սվաջյանը նշել է, որ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի», որի վերաբերյալ կտրամադրվի համապատասխան ուղեցույց և յուրաքանչյուր ամիս դպրոցներում կկազմակերպվեն թեմատիկ միջոցառումներ՝ նպատակ ունենալով ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։

Տեղեկացվել է, որ նոր ուստարում հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում, իսկ վերջին՝ 12-րդ դասարանում այն կներդրվի հաջորդ տարվանից:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների և արտադպրոցական ուսումնական հաստատությունների խնդիրներին, սպասվող փոփոխություններին, օրենսդրական կարգավորումներին և այլն։

Հանդիպման ավարտին Արաքսիա Սվաջյանը պատասխանել է հաստատությունների ղեկավարների հարցերն՝ պարզաբանելով հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը և ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող կարգավորումները: