ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Բի թու Էս» հայկական սոցիալական ձեռնարկատիրության ասոցիացիա» ՀԿ-ն անցկացրել է գաղափարաթոն, որի շրջանակում 18 երիտասարդական թիմերի հնարավորություն է տրվել գաղափարները վերածելու բիզնես նախագծերի։

ՍՁ գաղափարաթոնին մասնակցելու ցանկություն էր հայտնել 269 երիտասարդ (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված)․ կազմակերպիչները ստացել են 76 խմբային հայտ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից: Եռօրյա գաղափարաթոնին ՍՁ գաղափարները մշակելու հնարավորություն ստացել է ավելի քան 100 երիտասարդ։

Միջոցառումն իրականացվել է «Սոցիալական ձեռնարկատիրությունը՝ որպես երիտասարդության առաջընթացի, երիտասարդների շրջանում գործարարության, սոցիալիզացիայի, առաջնորդության (այդ թվում՝ երիտասարդ կանանց) խթանման մեխանիզմ» ծրագրի շրջանակում և իրականացվում է արդեն երկրորդ անգամ։

Միջոցառման բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը վարչության պետի տեղակալ Արմենուհի Պետրոսյանը։ Հաջողություն մաղթելով ծրագրի մասնակիցներին՝ Զարա Ասլանյանն ընդգծել է գաղափարաթոնի կարևորությունը երիտասարդների ներուժի բացահայտման, նոր կապերի ամրապնդման և համայնքների զարգացման առումով։

«Ուրախ եմ արձանագրել, որ սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում նախարարության աջակցությունն արդեն ավանդական է դառնում։ Նմանօրինակ ծրագրերն առանձնակի կարևորություն են ստացել հատկապես վերջերս ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի կիրարկման տեսանկյունից։ Առաջարկում եմ այս հնարավորությունը, անկախ արդյունքներից, օգտագործել սեփական գաղափարներն աճեցնելու և հղկելու համար, իսկ եթե չստացվի հաջորդ փուլ անցնել, ապա առնվազն կունենաք ավելի մրցունակ գաղափար մեր մյուս ծրագրերին դիմելու համար»,- նշել է Զարա Ասլանյանը՝ տեղեկացնելով առաջիկայում նախատեսված հնարավորությունների մասին։

Միջոցառման շրջանակում մասնակիցները ծանոթացել են սոցիալական բիզնես գաղափարները զարգացնելու, թիմի կոմպետենցիաները գնահատելու, ինչպես նաև համագործակցային կապեր ստեղծելու սկզբունքներին։ Զուգահեռ անցկացվող աշխատարաններում քննարկվել են նաև թափոնների կառավարման, երիտասարդների ներգրավման և գյուղատնտեսական նախաձեռնությունների զարգացման մեխանիզմները։

Գաղափարաթոնի ամփոփիչ օրը մրցույթին մասնակցող թիմերն իրենց ՍՁ գաղափարները ներկայացրել են տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագիտական ժյուրիին։ Գնահատման արդյունքում ծրագրի հաջորդ փուլ է անցել 18 գաղափար: Ըստ ծրագրի ղեկավար Գոհար Մնացականյանի՝ ընտրված թիմերը առաջիկա երկու ամիսների ընթացքում առցանց կրթական գործիքների, ինչպես նաև մենթորների հետ խմբային աշխատանքի միջոցով վերջնական տեսքի կբերեն իրենց ՍՁ գաղափարն ու կմասնակցեն գաղափարների ֆինանսավորման մրցույթին։