ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ շարունակում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Այն իրականացվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ծրագրի նպատակն է մարզերում մշակութային կյանքի ակտիվացումը:
Այս եզակի նախաձեռնության շնորհիվ մարզային հանդիսատեսը հնարավորություն ունի ունկնդրելու դասական երաժշտության բարձրաճաշակ կատարումներ:
Մարզային հյուրախաղերի ընթացքում նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա աշխարհահռչակ և հայ հանդիսատեսի կողմից սիրված ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։
Ծրագրում ընդգրկված են Ժան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը, Ջուզեպպե Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայի նախերգանքը, Էդուարդ Հարությունյանի «Վալսը» և հատվածներ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից։
Համերգները կանցկացվեն ՀՀ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի մի շարք քաղաքներում։ Նախատեսված է 6 համերգ հետևյալ ժամանակացույցով.
- սեպտեմբերի 2-ին՝ Ստեփանավանի մշակույթի պալատում,
- սեպտեմբերի 3-ին՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում,
- սեպտեմբերի 10-ին՝ Մեղրիի մարզամշակութային կենտրոնում,
- սեպտեմբերի 11-ին՝ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում
- սեպտեմբերի 13-ին՝ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական թատրոնում,
- սեպտեմբերի 14-ին՝ Սիսիանի Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնում:
Գորիսի և Սիսիանի համերգները կազմակերպվում են «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության աջակցությամբ։