ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) նախաձեռնությամբ օգոստոսի 22-ին կմեկնարկի «Սթրիթ արտ 2025» փառատոնը։
Փառատոնի շրջանակում ՆՓԱԿ-ը, համագործակցելով ՆԼԼ (NLL) և Արտիստիկ Ռեզո (Artistik Rezo) կազմակերպությունների հետ, ներկայացնում է «Փարիզ-Երևան․ սթրիթ արտ» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացված են Փարիզի սթրիթ արտի պատմության 20 խորհրդանշական հեղինակների 25 բնօրինակ աշխատանքներ՝ ստեղծված արվեստանոցում, ինչպես նաև երեք հայ արվեստագետների կողմից տեղում արված (in situ) աշխատանքներ։
Կցուցադրվեն աշխարհահռչակ արվեստագետների՝ Բենքսիի, Բոյի, Կլեի, Դրանի, Էվազե՛Սիրի, Ժակ Վիլլեգլեի, Ժոնկի և այլոց ստեղծագործությունները:
Ցուցահանդեսի տևողությունը 4 ամիս է: Վայրը՝ Նորարար փորձառական արվեստի կենտրոն, Բուզանդ 1/3:
Ցուցահանդեսի բացումը կմեկնարկի ժամը 19:00-ին և կուղեկցվի իրանահայ կոմպոզիտոր Սևան Շահմիրեանի կենդանի կատարմամբ։
Փառատոնը ներառում է նաև մի շարք կրթական և հանրային միջոցառումներ, այդ թվում՝ Ապարան քաղաքում մեծածավալ որմնանկարի ստեղծումը:
Միջոցառումների նպատակն է խթանել համայնքային ներգրավվածությունը, խրախուսել ստեղծագործական փոխանակումը և առաջարկել նոր հեռանկարներ Հայաստանի քաղաքային միջավայրի վերաբերյալ։
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
«Սթրիթ Արտ փառատոն 2025»-ն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանում Ֆրանսիայի ինստիտուտի աջակցությամբ։