ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ:

Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով:

Մրցույթն այս տարի իրականացվում է չորս ենթածրագրերով:

Առաջին ենթածրագրով նախատեսվում է ֆինանսավորման տրամադրում երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտական կենտրոններում վերապատրաստման համար։

Երկրորդ ենթածրագրով նախատեսվում է ֆինանսավորման տրամադրում արտասահմանյան գիտական կենտրոններում գիտական ստորաբաժանումների երիտասարդ ղեկավարների մասնագիտական վերապատրաստման և հմտությունների կատարելագործման համար։

Երրորդ ենթածրագրով ֆինանսավորման տրամադրում է նախատեսվում արտասահմանյան կազմակերպություններում ժամանակակից սարքեր- սարքավորումների վրա աշխատելու հմտությունների կատարելագործման համար։

Այս երեք ենթածրագրերով հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 20-ն է, ֆինանսավորման առավելագույն չափը` 4.000.000 ՀՀ դրամ։

Չորրորդ ենթածրագրով նախատեսվում է ֆինանսական աջակցության տրամադրում երիտասարդ գիտնականների՝ արտասահմանյան մասնագիտացված կազմակերպությունների կողմից կազմակերպվող դասընթացների (կարճատև կուրսեր, աշխատաժողովներ, սեզոնային դպրոցներ) մասնակցության համար։ Այս ենթածրագրով հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 3-ն է, ֆինանսավորման առավելագույն չափը` 1.500.000 ՀՀ դրամ։

Ենթածրագրերի պայմաններին, պահանջվող փաստաթղթերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ մրցույթի հրավերի փաթեթում: