Լոռու մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ անցկացվել է ամենամյա օգոստոսյան խորհրդակցություն։

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարներ, պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Խորհրդակցությանը նախորդել է «Կրթական էքսպո» ցուցահանդես, որում ներկայացվել են մարզի դպրոցների լավագույն նախագծային աշխատանքները: Պաշտոնյաները նախ ծանոթացել են էքսպոյի նախագծերին, զրուցել միջոցառման մասնակից աշակերտների և ուսուցիչների հետ:

Օգոստոսյան խորհրդակցությունը մեկնարկել է «Տարվա լավագույնները 2024–2025» հանրապետական մրցույթում հաղթած 37 մանկավարժների պարգևատրմամբ․ վերջիններս ԿԳՄՍ նախարարության անունից արժանացել են շնորհակալագրերի։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ոլորտի խնդիրներին, իրականացված և նախատեսվող աշխատանքներին: Նա նշել է, որ ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով Լոռու մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ են 54 դպրոց և 46 մանկապարտեզ, մի քանիսի կառուցումն արդեն ավարտված է: Լոռու մարզի 84 դպրոցներ արդեն ստացել են ԲՏՃՄ լաբորատոր սարքավորումներ, մյուսները համալրման փուլում են: Արաքսիա Սվաջյանը կարևորել է դրանց ակտիվ կիրառումը բնագիտական առարկաների դասավանդման որակի բարձրացման նպատակով:

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև մի շարք վիճակագրական տվյալներ Լոռու մարզի շրջանավարտների միասնական քննությունների արդյունքներից. հայտագրվել է 1162 դիմորդ, մասնակցել՝ 1112-ը, բուհ է ընդունվել 811 դիմորդ՝ դիմորդների 72%-ը։ Ամենապահանջված բուհերի շարքում առաջին տեղում Վանաձորի պետական համալսարանն է (404 դիմորդ, ընդունվել է 289-ը), երկրորդում՝ Երևանի պետական համալսարանը (173 դիմորդ, ընդունվել է 102-ը), երրորդում՝ Երևանի պետական բժշկական համալսարանը (73 դիմորդ, ընդունվել է 43-ը), իսկ չորրորդ տեղում՝ Պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը (71 դիմորդ, ընդունվել է 51-ը)։

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ընթացքին՝ տեղեկացնելով, որ Լոռու մարզում ատեստավորում է անցել 665 ուսուցիչ․ մարզն այս ցուցանիշով գտնվում է 3-րդ հորիզոնականում։ Նա հորդորել է շարունակել գործընթացը՝ նշելով, որ ատեստավորման ուղեցույցներն արդեն հրապարակված են, իսկ հայտագրումը բաց է մինչև սեպտեմբերի 30-ը։

Տեղեկացվել է, որ նոր ուստարում հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում, իսկ վերջին՝ 12-րդ դասարանում այն կներդրվի հաջորդ տարվանից:

4-րդ և 9-րդ դասարաններում՝ որպես նոր չափորոշչով ավարտողներ, քննությունները նոր ձևաչափով են կազմակերպվելու:

Խոսելով դպրոցներում երկարօրյա ծառայության մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ այն նախատեսված է առաջադիմության խնդիր ունեցող սովորողների համար, ուստի կարևոր է, որ դպրոցները ծրագիրն իրականացնեն առավել արդյունավետ՝ նպաստելով կրթության որակի բարելավմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման և հայտնաբերման մեխանիզմներ։

Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը նշել է, որ մարզի կրթական հաստատություններում ընթանում են մեծածավալ կապիտալ շինարարության և վերանորոգման աշխատանքներ, որոնք թույլ կտան է՛լ ավելի բարելավել կրթական պայմանները և ապահովել ժամանակակից ստանդարտներին համապատասխան կրթական միջավայր:

Հանդիպման ավարտին ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել պաշտոնյաներին: