ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության (GWTO) նախագահ Անտոնիո Վիդալի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է գինեգործության ոլորտը. այն ազգային մշակութային արժեքավոր ժառանգություն լինելուց բացի, նաև զարգացող ուղղություն է մասնագիտական և բարձրագույն կրթության համակարգերում, և ուսանողների շրջանում մեծ պահանջարկ ունի: Ոլորտի առաջխաղացման համատեքստում Ժաննա Անդրեասյանը մասնավորապես կարևորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համագործակցության, համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի գինու հնձանի վերականգնման և ամրակայման աշխատանքներին, որը ևս վկայում է գինեգործության՝ որպես հնագույն քաղաքակրթության և մշակութային ժառանգության նկատմամբ պետական քաղաքականության մասին:

(GWTO) նախագահ Անտոնիո Վիդալը ներկայացրել է կազմակերպության գործունեությունը էնոտուրիզմի ոլորտում՝ նշելով, որ իրենք հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ: