ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ապարանի համայնքապետարանի և Հեծանվորդների ֆեդերացիայի նախաձեռնությամբ օգոստոսի 24-ին՝ ժամը 10:00-ին, Ապարանում առաջին անգամ կանցկացվի «Արագածի շուրջը» (TOUR DE ARAGATS 2025) սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունը։

Մրցուղին կունենա շուրջ 160 կմ երկարություն և կանցնի Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք համայնքներով։

Առաջնությանը կարող են մասնակցել 17 տարեկանից բարձր հեծանվորդներ՝ տղամարդիկ և կանայք, որոնք վերջին երեք տարիներին չեն մասնակցել ՀՀ կամ այլ երկրի հեծանվասպորտի առաջնություններին։ Վերջին երեք տարիներին նմանօրինակ առաջնությունների մասնակիցները կարող են հանդես գալ ոչ մրցակցային ձևաչափով։

2025 թվականի առաջնությանը Ապարանի համայնքապետարանը տղամարդկանց և կանանց մրցապայքարի համար սահմանել է 3 մլն ՀՀ դրամ մրցանակային ֆոնդ լավագույն 5-յակում տեղ գտած մասնակիցների համար: Կանանց և տղամարդկանց պայքարում հաղթող ճանաչված մասնակիցները կստանան 500.000 դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները՝ 400.000, երրորդ տեղը՝ 300.000, 4-րդ տեղը՝ 200.000, իսկ 5-րդ տեղը՝ 100.000 ՀՀ դրամ մրցանակ:

Մրցումների ընթացքում կարգելվի օգտագործել էլեկտրական կամ շարժիչով հեծանիվներ (թույլատրվում են միայն ոչ մրցակցային սկզբունքով)։ Առանց սաղավարտի հեծանվավարելը կամ մեքենայից/այլ հեծանվորդից բռնվելը կհանգեցնի որակազրկման։ Մրցուղու երկայնքով կտեղակայվեն ամրագրման կետեր, որոնք մասնակիցները պարտադիր պետք է անցնեն։ Կեղծ տվյալների ներկայացումը, ինչպես նաև ամրագրման կետերի բաց թողնումը կհանգեցնեն որակազրկման և պարգևների վերադարձի։

Մրցապայքարը կհամարվի ավարտված, երբ մասնակիցների կեսից ավելին կհասնի վերջնակետ։

Առաջնությանը մասնակցելու հայտերը անհրաժեշտ է լրացնել հետևյալ հղմամբ՝ https://rb.gy/ldgi82: