«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ օրերս Իջևանում անցկացվել է երիտասարդական ֆորում, որի հիմնական նպատակն էր ներկայացնել երիտասարդության զարգացմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև ստեղծել քննարկումների հարթակ՝ երիտասարդների կարիքներն ու առաջարկները լսելու համար։

Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ոլորտային փորձագետներ, ինչպես նաև երիտասարդական ՀԿ-ների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ։

Ֆորումի ընթացքում քննարկվել են երիտասարդության զարգացմանն առնչվող հարցեր՝ սկսած քաղաքացիական կրթությունից և համայնքային ներգրավվածության հնարավորություններից մինչև պետական և տեղական մակարդակներում երիտասարդական քաղաքականության իրականացում։ Մասնակիցներին ներկայացվել են «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի հիմնական դրույթները, ընդգծվել է պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և համայնքների համագործակցության կարևորությունը։

Զարա Ասլանյանը, Երիտասարդության միջազգային օրվա (օգոստոսի 12) կապակցությամբ շնորհավորելով ներկաներին, կարևորել է ֆորումը որպես երիտասարդների խնդիրների, առաջարկությունների և նախաձեռնությունների բարձրաձայնման արդյունավետ հարթակ։ Նա նշել է, որ «Երիտասարդական քաղաքականության մասին» նոր օրենքը մշակվել է հանրային լայն մասնակցային գործընթացի միջոցով՝ ներգրավելով երիտասարդական կառույցների, միջազգային կազմակերպությունների և անկախ փորձագետների։

Զարա Ասլանյանը նաև տեղեկացրել է, որ օրենքի ընդունումից հետո Կառավարությունը հաստատել է դրա կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագիրը։ Դրա կարևոր բաղադրիչներից են երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգի և որակավորման չափանիշների մշակումն, ինչպես նաև երիտասարդական աշխատանքի մեթոդաբանության ստեղծումը։ Այս նպատակով ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելու է միջազգային փորձը, պատրաստելու է համապատասխան առաջարկություններ, իրականացնելու է երիտասարդական աշխատանք կատարող կառույցների քարտեզագրում և գործառույթների վերլուծություն։ Նախատեսվում են նաև թեմատիկ քննարկումներ և խորհրդակցություններ շահագրգիռ կողմերի ու շահառուների մասնակցությամբ։

Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը ողջույնի խոսքում կարևորել է նմանօրինակ հանդիպումները՝ ընդգծելով դրանց նշանակությունը երիտասարդների քաղաքացիական գիտակցության բարձրացման և համայնքային կյանքի ակտիվացման գործում։

Ֆորումը եզրափակվել է հարցուպատասխանի և բաց քննարկումների ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել երիտասարդներին անմիջականորեն ներկայացնել իրենց դիտարկումներն ու առաջարկները՝ ուղղված ՀՀ-ում երիտասարդական քաղաքականության շարունակական բարելավմանը։