ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ սահմանվել է բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով ուսհաստատություններին աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը:

Լրացուցիչ ֆինանսավորման նպատակն է՝ խրախուսել կատարողականի բարձր արդյունք ցուցաբերած հաստատություններին և նպաստել վերջիններիս գրանցած արդյունքներն առավել զարգացնելուն և կատարելագործելուն, իսկ կատարողականի ցածր արդյունք ցուցաբերած հաստատություններին աջակցել կրթական գործընթացներում առաջընթաց ապահովելու հարցում:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա դիտարկմամբ՝ նախաձեռնությունն էական նշանակություն ունի կրթության ոլորտի բարեփոխումների գործընթացում և նպատակ ունի ընդգծելու, որ մեծածավալ աշխատանքներ են իրականացվում ոչ միայն ենթակառուցվածքների զարգացման, այլև բովանդակային բարեփոխումների ուղղությամբ։

«Լրացնելով հանրակրթության չափորոշչի մասնագիտական զարգացման, կառավարման բարեփոխումները՝ ներդնում ենք նոր գործիքակազմեր, որոնք մի կողմից թույլ են տալու գնահատել դպրոցների աշխատանքը, մյուս կողմից՝ խրախուսել այն դպրոցներին, որոնք լավ աշխատանք են իրականացնում: Այսպիսով կխթանվի կրթության ոլորտում գերազանցությունը, նորարարությունը, ինչպես նաև անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի բավարար արդյունքներ չապահովող դպրոցներին: Բավարար արդյունքներ չունենալը նախևառաջ նշանակում է, որ պետք է մտահոգություն ունենանք այդ դպրոցներում երեխաներին տրամադրվող կրթական ծառայությունների որակի նկատմամբ: Հետևաբար, պետությունն առանձին գործիքակազմ պետք է ունենա՝ հասցեագրելու նաև այդ դպրոցների խնդիրները»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։

Բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունները մշակում են նորարարական, իսկ ցածր կատարողականի արդյունք ունեցողները՝ բարելավման ծրագրեր: Ներկայացված ծրագրերն ուսումնասիրվում և գնահատվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի կողմից՝ հաշվի առնելով կարգով սահմանված պահանջները և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ԿԿՏՀ) իրականացված հանրակրթական բոլոր պետական ուսումնական հաստատությունների կատարողականների գնահատման արդյունքները:

Ըստ այդմ՝ յուրաքանչյուր տարի բարձր կատարողականի արդյունք ունեցող մինչև 20 հաստատությունների համար ծրագրով սահմանվում է ֆինանսական խրախուսում՝ ոչ ավելի, քան 10 մլն ՀՀ դրամի չափով, որը տրվում է հաջորդող տարվա հունվար ամսին: Անդրադառնալով բարձր կատարողականի արդյունք ունեցող դպրոցների ընտրությանը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ այն իրականացվելու է մրցութային եղանակով: Յուրաքանչյուր տարի՝ մինչև հունիսի 30-ը, դպրոցները դիմելու են մրցույթին մասնակցելու համար: Պայմաններին կհամապատասխանեն այն դպրոցները, որոնց ուսուցիչների 50% և ավելին կամավոր ատեստավորված են, 20% և ավելին տարակարգ ունեն, ինչպես նաև այն դպրոցները, որոնց աշակերտական համակազմի 5%-ը նախորդ տարում առնվազն օլիմպիադաների մասնակից է եղել:

«Սրանք չափելի ցուցանիշներ են, որոնք միևնույն ժամանակ արտացոլում են դպրոցների նախաձեռնողականությունն ու մասնակցությունը կրթական քաղաքականությանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ լրացուցիչ ֆինանսավորումը կարող է ուղղվել դպրոցի ընթացիկ ծախսերին, մասնագիտական զարգացման լրացուցիչ ծրագրերին, նոր մեթոդների ներդրմանը, նորարարական տեխնոլոգիաներին:

Բարձր կատարողականի արդյունքով ֆինանսական խրախուսում ստացող հաստատություններին հանձնաժողովի որոշմամբ կարող է տրվել նաև միջազգային կամ տեղական համաժողովներում փորձի ներկայացման, հաստատության ձեռքբերումների հանրայնացման, առկա ռեսուրսները տարբեր ծրագրերում ընդգրկելու հնարավորություն:

Նախարարի հրամանով բարձր կատարողականի արդյունք ունեցողների ցանկում ընդգրկված հաստատությունները ֆինանսական խրախուսում ստանալուն հաջորդող 3 տարվա ընթացքում չեն կարող դիմել մրցույթին:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ցածր կատարողականի դեպքում հաստատության մշակած բարելավման ծրագրի ֆինանսական գնահատականի համաձայն հաստատությանը տրվում է ֆինանսավորում՝ վերջինիս տարեկան բյուջեի 5%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 5 մլն դրամը՝ յուրաքանչյուր տարվա համար: Ֆինանսական միջոցները կարող են ծախսվել ներկայացված բարելավման ծրագրով սահմանված գործողությունների իրականացման ուղղությամբ:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցություն ստացող հաստատությունների ընտրության կարգին: Նրա խոսքով՝ ամեն տարվա հոկտեմբերին տեղեկատվական համակարգում արդեն իսկ յուրաքանչյուր դպրոցի մասին առկա մանրամասն տեղեկատվության հիման վրա իրականացվելու է ինքնաշխատ հաշվետվություն՝ կարգով սահմանված գնահատման չափանիշներին համապատասխան: Արդյունքում առանձնացվելու են ամենացածր արդյունք գրանցած 40 հաստատությունները։ Հաջորդ փուլում Գնահատման և թեստավորման կենտրոնը տվյալ հաստատություններում իրականացնելու է սովորողների առաջադիմության կամ գիտելիքների ստուգման գործընթաց՝ երեխաների գիտելիքների և դրանց յուրացման հետ կապված իրավիճակը հասկանալու նպատակով։ Այս երկու տվյալների հիման վրա ամեն տարվա արդյունքով ընտրվելու են առավելագույնը 30 հաստատություններ:

Ցածր կատարողականի արդյունք ունեցող դպրոցներին աջակցելու նպատակով 2 տարի ժամկետով վերջիններիս կկցվեն մենթոր հաստատություններ: Դպրոցների ֆինանսավորման նոր կարգով ֆինանսական խրախուսում է նախատեսված նաև մենթոր ուսումնական հաստատությունների համար:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ բուն գործընթացը նախատեսվում է մեկնարկել 2025-26 ուսումնական տարվանից: Դպրոցները մինչև 2026 թվականի հունիսի 30-ը հնարավորություն կունենան իրականացնելու նախապատրաստական աշխատանքներ և մասնակցելու մրցույթին:

Բարձր կատարողականի արդյունքով ֆինանսական խրախուսում ստացող, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցություն ստացող և վերջիններիս աջակցող մենթոր հաստատությունների ցանկը հաստատվում է հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր տարի՝ մինչև դեկտեմբերի 30-ը: Ֆինանսավորման տրամադրումը կիրականացվի 2027 թվականի հունվարի 1-ից սկսած: