2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը և ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը պատասխանել են ուսուցիչներին հուզող հարցերին, որոնք հավաքագրվել են նախապես` մինչև օգոստոսի 8-ը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ուսուցիչների կողմից բարձրացված խնդիրների դիտարկումներն ու վերլուծությունը հաշվի կառնվեն օգոստոսյան խորհրդակցությունների ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակի հստակեցման և նախապատրաստական աշխատանքների արդյունավետ պլանավորման նպատակով:

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ նոր ուսումնական տարվանից հանրակրթության պետական չափորոշիչը կներդվի ևս չորս դասարաններում՝ ՀՊՉ-ով դասավանդում իրականացնող դասարանների թիվը հասցնելով 11-ի: Նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել՝ այս տարի աշխատանքներն առավել արդյունավետ և հաջող են իրականացվելու՝ հաշվի առնելով դպրոցների՝ արդեն իսկ կուտակած փորձառությունը։ Անդրադառնալով քննությունների կազմակերպման գործընթացին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է՝ 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն իրականացվում է արտաքին գնահատման միջոցով։ Մայիսին անցկացվող միասնական թեստը ներառում է երեք առարկա՝ «Մայրենի», «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը»։ 9-րդ դասարանում փոփոխվել է քննությունների ձևաչափը։ Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաներից սովորողներն իրենց ընտրությամբ կարող են հանձնել թեստային կամ նախագծային աշխատանք։ Տավուշի մարզում փորձարկումները ցույց են տվել, որ տարեցտարի աճում է նախագծային աշխատանք նախընտրող աշակերտների թիվը։ Նոր ձևաչափ է ներդրվել նաև «Պատմություն» և «Գրականություն» առարկաների համար` էսսե գրելու եղանակով։ Աշակերտները պատմական իրադարձությունները կապում են գրական ստեղծագործությունների և իրավիճակների հետ՝ դրսևորելով վերլուծական և ստեղծագործական մտածողություն։ Այս տարի Տավուշում աշակերտների գրած էսսեների որակը զգալիորեն բարձրացել է, և առաջիկա ուսումնական տարում նախատեսվում է էսսե գրելու հմտությունների զարգացման նպատակով հանրապետական մակարդակով նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ 12-րդ դասարանում, որտեղ հանրակրթության պետական չափորոշիչը դեռ չի ներդրվում, քննությունները հիմնականում կանցկացվեն նախկին ձևաչափով, բացառությամբ Տավուշի մարզի։ Նոր չափորոշչի ներդրումից հետո՝ հաջորդ տարվանից, բոլոր ավարտական քննությունները կանցկացվեն նոր ձևաչափով՝ ընդգրկելով այնպիսի առաջադրանքներ, որոնք նաև սովորողների գործնական կարողությունները, հմտությունները ստուգելու հնարավորություն կընձեռեն։

Նոր դասագրքեր

Սվաջյանը տեղեկացրել է, որ այս տարվա համար դասագրքերի տպագրության հիմնականում բոլոր մրցույթները կայացել են ոչ միայն այն դասարանների համար, որոնցում չափորոշիչը ներդրվելու է, այլև դասարաններում, որտեղ նախորդ տարի էր ներդրվել, սակայն դասագրքեր չէին տպագրվել: Դասագրքերի մի մասն արդեն առաքվել է և բաշխման փուլում է, մյուս մասը կառաքվի և կբաշխվի մինչև օգոստոսի 25-ը: Սակայն որոշ դասարաններում մի քանի առարկաների դասագրքեր բացակայում են: Մասնավորապես, բացակայում են «Քիմիա» առարկայի 10-րդ և 11-րդ դասարանների, «Կենսաբանություն» առարկայի 10-րդ և 11-րդ դասարանների, «Հանրահաշիվ» առարկայի 11-րդ, «Ռուսաց լեզու» առարկայի 11-րդ, «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկայի 9-րդ և 11-րդ, ինչպես նաև «Ֆրանսերեն» առարկայի 5-11-րդ դասարանների դասագրքերը:

«Բոլոր նշված դասագրքերը և առարկաները դասավանդվելու են հին դասագրքերով: Դպրոցներն այս մասին արդեն շրջաբերականներ են ստացել: ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից ուսուցիչները կստանան լրացուցիչ ուղեցույցներ, ձեռնարկներ, որոնք կօգնեն հին դասագրքում առկա նյութերը համապատասխանեցնել նոր չափորոշչին»,- ասել է Արաքսիա Սվաջյանը` հավելելով, որ զուգահեռաբար հայտարարված են նոր դասագրքերի ստեղծման մրցույթները։

Արաքսիա Սվաջյանի գնահատմամբ՝ նոր չափորոշչի ներդրման շրջանակում ամենակարևոր աշխատանքներից մեկը նաև վերջինիս բովանդակային աշխատանքների կազմակերպումն է, մասնավորապես՝ դպրոցների ուսումնական պլանների մշակման աշխատանքը, որն արտացոլելու է դպրոցի առաջնահերթությունը և կարևոր խնդիրները:

«Չափորոշչի ներդրման շրջանակում մենք օրինակելի ուսումնական պլան չունենք, պարզապես ունենք բաղադրիչները, որոնք դպրոցներին թույլ են տալիս իրենց տրված սահմանաչափի շրջանակում որոշել, թե որ առարկային որքան ժամ հատկացնել և ինչպես կազմակերպել դպրոցի աշխատանքները։ Առաջիկայում դպրոցների համար կկազմակերպվեն ուսումնական պլանների մշակման վերապատրաստման դասընթացներ: Արդեն ուղարկվել է նաև ուղեցույցը, որպեսզի դպրոցներն ըստ այդ կարգավորումների սկսեն ուսումնական պլանների մշակման աշխատանքները»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Առարկայական խմբակներ և նախագծային աշխատանքներ

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ուսումնական խմբակներին և իրականացվող նախագծային աշխատանքներին: Նրա խոսքով՝ խմբակները ոչ միշտ են արտացոլում սովորողների կարիքները և ընձեռնված հնարավորությունները։

«Կարծում եմ՝ այս տարի պետք է ավելի մեծ ուշադրությամբ իրականացվեն այս աշխատանքները, ինչը թույլ կտա ունենալ խմբակների առավել արդյունավետ և բովանդակային ձևաչափեր»,- ասել է նախարարի տեղակալը։

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ նախորդող երկու տարիների ընթացքում իրականացված մեծ ծավալով աշխատանքների արդյունքում արդեն իսկ ունենք փոփոխություններ նախագծային աշխատանքների որակի առումով, բայց դեռևս անհրաժեշտ է շարունակել մտածել ավելի բովանդակային, երեխաների համար առավել հետաքրքիր և կարևոր թեմաների ընտրության մասին:

Անդրադառնալով դպրոցների ֆինանսավորմանն առնչվող հարցերին՝ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ հանրակրթական դպրոցների շուրջ 50%-ն արդեն ստացել է ԲՏՃՄ լաբորատորիաներ, և համապատասխան գործընկերների հետ համագործակցությամբ առաջիկայում նաև լաբորատոր նյութերի ձեռքբերման և նյութերի ցանկի հետ կապված որոշակի աջակցություն կտրամադրվի: Նրա խոսքով՝ դպրոցները կստանան նաև մի քանի աջակցող միջոցներ՝ տեսադասեր, փորձերի իրականացման ուղեցույցներ, լաբորատոր աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը՝ նոյեմբերին. առաջին անգամ կմասնակցեն նաև հոգեբանները

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ արդեն իսկ մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի հայտագրումը, որը բաց կլինի մինչև սեպտեմբերի 30-ը։ Այս տարի, ըստ նախնական տվյալների և վերլուծությունների, նկատվում է ուսուցիչների մեծ հետաքրքրվածություն՝ մասնակցելու կամավոր ատեստավորմանը։ Գործընթացն այս տարի էլ կկազմակերպվի էլեկտրոնային ձևաչափով։ Ներկայում կահավորվում են քննական կենտրոնները, որոնք կհագեցվեն համակարգիչներով, տեսախցիկներով և անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Բացառություն են կազմում ազգային փոքրամասնությունների առարկաները, որոնցից ատեստավորումները կանցկացվեն թղթային ձևաչափով՝ հաշվի առնելով մասնակիցների փոքր թիվը (մինչև 5-6 հոգի՝ յուրաքանչյուր առարկայից)։

Կամավոր ատեստավորման քննությունները տեղի կունենան նոյեմբերին։ Ժամանակացույցը կհրապարակվի առաջիկա օրերին։ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ այս տարի ապահովվել է բոլոր առարկաների առաջադրանքների քանակի և տեսակների համաչափություն, արդեն հասանելի են նաև առարկայական ուղեցույցները: Որոշ առարկաներին առնչվող խնդիրներն ու բողոքները քննարկվել և կարգավորվել են ուսուցիչների հետ անհատական հանդիպումներում։

Այս տարի առաջին անգամ կիրականացվի նաև հոգեբանների կամավոր ատեստավորում, որը ևս նախատեսվում է անցկացնել նոյեմբերին: Շուտով կհրապարակվեն ուղեցույցները, ու կմեկնարկի հայտագրումը:

Վերապատրաստումներ՝ մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա

Հերթական ատեստավորման շրջանակում արդեն երկրորդ տարին է, ինչ նոր ձևաչափով իրականացվում է ուսուցիչների մասնագիտական կարիքների գնահատում. այս մոտեցումն ուսուցիչներին հնարավորություն է տալիս պլանավորել վերապատրաստումները՝ խուսափելով ծանրաբեռնվածությունից։

Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ վերջերս փոփոխություններ են կատարվել նաև վերապատրաստման, ատեստավորման և կազմակերպությունների երաշխավորման կարգերում, ինչպես նաև վերապատրաստման ծրագրերի չափորոշիչներում։ Արդեն 2026 թվականի հերթական ատեստավորումն ու կարիքների գնահատումը կիրականացվեն նոր կարգավորումների համաձայն։

Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ 11 մոդուլների համար մշակվում են էլեկտրոնային դասընթացներ, որոնք կապահովեն միասնական տեսական նյութի մատուցում։ Գործնական հմտությունների ամրապնդումը կիրականացվի միայն արտապատվիրակված և երաշխավորված կազմակերպությունների կողմից։

Հերթական ատեստավորումը կկազմակերպվի երրորդ շրջափուլի ավարտին։ 2024-ին գնահատված ուսուցիչների շրջափուլն ավարտվում է 2026-ի վերջին, իսկ ատեստավորումը նախատեսված է 2027 թվականի առաջին ամիսներին։ Այն կրկին կլինի կենտրոնացված ձևաչափով՝ քննական կենտրոններում, մոդուլների երեք հիմնական խմբերի հիման վրա։ Մանրամասները կտրամադրվեն ուսուցիչներին։

Հանրակրթական բոլոր դպրոցները փուլային եղանակով կանցնեն ԿԳՄՍՆ ենթակայության ներքո

Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ օրենսդրական փաթեթը, որը երկար ժամանակ քննարկման փուլում էր, արդեն հաստատվել է Կառավարության կողմից և առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի աշնանային նստաշրջանին՝ վերջնական հաստատման համար։

Ըստ նախագծի՝ դպրոցների վարչատնտեսական կառավարումը կշարունակի մնալ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի ենթակայությամբ։ Նախատեսվում է, որ մարզպետարանների ենթակայությամբ գործող դպրոցները 2026 թվականի սեպտեմբերից կփոխանցվեն ԿԳՄՍ նախարարությանը, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների փոխանցումը կիրականացվի 2027 թվականից։ Նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն։

Նախարարի տեղակալը նաև նշել է՝ «Կրթության մասին» օրենքում նույնպես կատարվել են փոփոխություններ՝ միավորելով հավաստագրման մոտեցումները։ Նախատեսվում է ենթաօրենսդրական ակտ, որը հնարավորություն կտա մեկ հավաստագրման գործընթաց անցնելով՝ մասնակցել նախադպրոցական, դպրոցական և մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենի մրցույթներին։ Բացի այդ, նվազեցվել են հավաստագրման դիմելու համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի պահանջները։

Երկու նոր ենթահամակարգեր՝ emis համակարգում

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ առաջիկայում emis համակարգում գործարկվելու են երկու նոր ենթահամակարգեր։ Դրանցից մեկը՝ կադրերի համալրման հարթակը, ինքնաշխատ եղանակով կգեներացնի դպրոցներում առկա բոլոր թափուր հաստիքները և ուսումնական պլանում ընդգրկված, բայց չբաշխված ժամերը։ Այս տեղեկատվության հիման վրա էլեկտրոնային հարթակում ինքնաշխատ եղանակով կկազմակերպվեն մրցույթներ՝ ապահովելով թափանցիկ և կառավարվող գործընթաց։ 2024 թվականին այս ուղղությամբ արձանագրվել է նշանակալի առաջընթաց՝ հանրակրթական դպրոցներում ներգրավվել է ավելի քան 3300 նոր ուսուցիչ։ 2025 թվականի տվյալները կհրապարակվեն տարվա ավարտին։

Բացի այդ, emis համակարգում կգործարկվի նաև ուսուցիչների կարողություններին վերաբերող նոր ենթահամակարգ, որտեղ կարտացոլվեն տարակարգի, հերթական և կամավոր ատեստավորման, ինչպես նաև երաշխավորված կազմակերպությունների վերաբերյալ բոլոր էլեկտրոնային փաստաթղթերը։ Այս կերպ ուսուցիչները մեկ հարթակում կկարողանան տեսնել իրենց մասնագիտական զարգացման ամբողջական պրոֆիլը։ Նոր հարթակների գործարկումը նախատեսված է առաջիկա ամիսներին։

10-ից ավելի նոր դպրոց՝ սեպտեմբերին

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության՝ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցվման և վերակառուցման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին: Նա տեղեկացրել է՝ սեպտեմբերի 1-ին կբացվեն ավելի քան 10 նոր դպրոցներ: Աշնան ընթացքում ևս բազմաթիվ նոր դպրոցների բացման արարողություն է նախատեսվում:

«Քանի որ բոլոր դպրոցները հագեցվում են նոր գույքով, որոնք նոր տեխնիկական բնութագրեր ունեն, փորձում ենք ամեն բան անել, որպեսզի ժամանակակից պայմաններին համապատասխանող գույք տրամադրենք, բայց, այնուամենայնիվ, մենք պարբերաբար իրականացնում ենք նաև այդ գույքի արդյունավետության գնահատում: Նոր գույք ստացած բոլոր դպրոցները նախորդ տարի մասնակցել են մի հետազոտության, որի շրջանակում հավաքագրվել են իրենց տեսակետները՝ հետագայում մյուս դպրոցների համար տրամադրվող գույքն առավել որակյալ և ֆունկցիոնալ դարձնելու նպատակով»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

2025-2026 ուստարին՝ «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման և հայտնաբերման մեխանիզմներ։ Նախատեսվում են նաև մեծածավալ վերապատրաստումներ՝ բռնության, բուլինգի և անվտանգության ապահովման թեմաներով։

Տարվա ընթացքում կկազմակերպվեն նախագծային աշխատանքների հանրապետական էքսպո՝ դպրոցականների անվտանգությանը վերաբերող նախագծերով, բռնության ու բուլինգի մասին թատերական ներկայացումներ և ֆիլմերի դիտումներ, առողջ կենսակերպի խթանման նպատակով հանդիպումներ սպորտում հաջողությունների հասած մարզիկների հետ, աշակերտական համաժողովներ և կլոր սեղան-քննարկումներ՝ «Անվտանգ և ապահով կրթություն» խորագրով։

Նախարարությունը նախատեսում է յուրաքանչյուր ամիս իրականացնել թեմատիկ աշխատանքներ. օրինակ՝ սեպտեմբերին՝ ճանապարհային անվտանգության, հոկտեմբերին՝ տարհանման կանոնների վերաբերյալ։

Այնուհետև Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը և ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը պատասխանել են ուսուցիչների՝ մինչև օգոստոսի 8-ը ներկայացրած հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին նրանց մասնագիտական զարգացմանը` տարակարգին, կամավոր ատեստավորմանը, վերապատրաստումներին, ինչպես նաև դասագրքերին: