ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մենթոր հաստատությունների ընտրության և մենթորական աշխատանքներ իրականացնողների գործառույթները սահմանելու մասին» հրամանի նախագիծը։
Նախագծով առաջարկվում է իրավական կարգավորում տալ նախադպրոցական կրթության պետական չափորոշչի ամբողջական ներդրմանն աջակցող մենթորական ծրագրին՝ հստակեցնելով գործող իրավահարաբերությունները:
Նախագծով նախատեսվում է Երևանում և մարզերում ձևավորել մենթոր հաստատություններ, որոնց թիվը կլինի առնվազն երկուական յուրաքանչյուր մարզում և չորսը՝ մայրաքաղաքում։
Ցանկում ընդգրկվելու համար հաստատությունը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին՝
- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների անվանացանկին և պաշտոնների նկարագրերին համապատասխան համակազմի առկայություն (առնվազն 90 %),
- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 2-ի N 16-Ն հրամանով սահմանված կարգով տարակարգ ստացած մանկավարժական համակազմի առկայություն (առնվազն 30 %),
- նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով և դիդակտիկ պարագաներով հագեցվածություն:
Մենթոր հաստատությունները կաջակցեն իրենց կցված նախադպրոցական ուսումնական հաստատություններին՝ կազմակերպելով վերապատրաստումներ, խորհրդատվություններ և մշտադիտարկումներ կրթական չափորոշչի ներդրման, հիմնական ծրագրերի իրականացման և մանկավարժների շարունակական մասնագիտական զարգացման ուղղություններով։
Մենթորական աշխատանքներում ներգրավված կլինեն հաստատության տնօրենը, համակարգողը, մենթորները և հաշվապահը. յուրաքանչյուրի գործառույթը սահմանված է նախագծով: Մենթորների ընտրությունը կատարվում է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից՝ հարցազրույցի միջոցով:
Շահագրգիռ կազմակերպությունները և քաղաքացիները նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումները կարող են ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մինչև օգոստոսի 19-ը ներառյալ: