ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2025 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի մասնակցության հայտերի ընդունման մասին:

Դասընթացն իրականացվում է կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, որի նպատակն է կատարելագործել երիտասարդների հետ պրակտիկ աշխատանք կատարող անձանց մասնագիտական որակները՝ ազգային և ՏԻՄ մակարդակում որակյալ և գիտելիքահենք երիտասարդական աշխատանք իրականացնելու համար։

Մասնակցության համար կարող են հայտ ներկայացնել՝

  • երիտասարդական աշխատողներ,
  • երիտասարդական կենտրոնների աշխատողներ,
  • տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, որոնց աշխատանքային պարտականություններում նշված են երիտասարդական աշխատանքի իրականացման գործառույթներ,
  • երիտասարդական կազմակերպությունների անդամներ, աշխատակիցներ կամ կամավորներ,
  • երիտասարդական նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ։

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության հայտ ներկայացնելու համար մասնակիցը պետք է բավարարի հետևյալ նվազագույն պահանջներին՝

  • բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի որակավորման աստիճան),
  • երիտասարդության ոլորտում առնվազն 1 (ցանկալի է 3) տարվա փորձառություն,
  • կամավորական աշխատանքի փորձառություն (կդիտարկվի որպես առավելություն)։

Դասընթացի մասնակցության հայտերն ընդունվում են առցանց տարբերակով մինչև 2025 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ՝ հետևյալ հղումով:

Վերապատրաստման դասընթացները կմեկնարկեն սեպտեմբերից և կշարունակվեն մինչև նոյեմբերի 15-ը: Դասընթացներն իրականացվելու են 3 փուլով՝ երկու առանձին խմբերի համար։ Յուրաքանչյուր խմբում կարող է ներգրավվել 25 մասնակից: Մասնակիցներին դասընթացի ավարտին տրվում է հավաստագիր: Որպես դասընթացավարներ՝ հանդես են գալիս ՀՀ-ում երիտասարդության ոլորտում երկարամյա աշխատանքային փորձառություն ունեցող առաջատար մասնագետներ։

Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010-599-643 հեռախոսահամարով կամ գրել youth@escs.am էլեկտրոնային փոստին։