ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Winds of Armenia առագաստանավային ակումբի նախաձեռնությամբ Սևանա լճում անցկացվել է առագաստանավային սպորտի Հայաստանի գավաթի առաջին փուլը։
Մրցաշարի փակման և մեդալների հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին և շնորհավորելով մրցանակակիրներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայաստանում առագաստանավային սպորտի զարգացման ջանքերի և Սևանա լիճը որպես մրցավայր ընտրելու համար: Հասմիկ Ավագյանն ընդգծել է միջոցառման նշանակությունը ոչ միայն սպորտային, այլև մշակութային և միջազգային ճանաչման տեսանկյունից։
Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման հիմնական նպատակն էր Հայաստանը միջազգային մարզական համայնքին ներկայացնել որպես նոր, գրավիչ ուղղություն։ Գավաթի անցկացումը մեծապես խթանում է նաև սպորտային տուրիզմը՝ նպաստելով Սևանի տարածաշրջանի բացահայտմանը ոչ միայն որպես հանգստյան գոտի, այլև միջազգային կարգի մարզական հանգրվան։
Եռօրյա լարված և բարձրակարգ մրցակցությունից հետո հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Skolkovo Sailing Team թիմը, որը հավաքել է 23.0 միավոր և ընդամենը մեկ միավորի տարբերությամբ գերազանցել է երկրորդ տեղը զբաղեցրած Merlin թիմին։
Առագաստանավային սպորտի Հայաստանի գավաթի առաջին փուլի գլխավոր մրցավարն իտալացի Լուկա Բաբինին էր, որն աշխատել է Լոնդոնի Օլիմպիական խաղերում, Ամերիկայի գավաթում, մարզաձևի Եվրոպայի առաջնություններում և բազմաթիվ այլ հեղինակավոր մրցումներում։ Առաջնությունում ընդգրկվել են նաև մի շարք այլ անվանի մրցավարներ:
Մրցաշարին ավելի քան 10 պրոֆեսիոնալ թիմեր են մասնակցել Ռուսաստանից, Կիպրոսից և Արաբական Միացյալ Էմիրություններից: