Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Գոհար Հարությունյանն արծաթե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության 50 մ վազող թիրախ խառը վազք մրցաձևի կանանց անհատական պայքարում: Նա գրանցել է 380 միավոր:
Այսպիսով, Հայաստանի հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությունում մրցելույթներն ավարտել է 6 ոսկե, 7 արծաթե և 4 բրոնզե մեդալով։
Մեծահասակների պայքարում Եվրոպայի չեմպիոն են հռչակվել Գոռ Խաչատրյանը՝ 10 մ, իսկ Հովհաննես Մարգարյանը՝ 50 մ մրցատարածությունում։ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն են դարձել Հայկ Մինասյանն ու Գոհար Հարությունյանը։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Արուսյակ Գրիգորյանը, Լիլիթ Մկրտչյանը և Հովհաննես Մարգարյան / Արուսյակ Գրիգորյան զույգը։
Հայաստանի մեծահասակների հավաքականը լավագույնն էր նաև թիմային պայքարում։ Տղամարդկանց և կանանց թիմերը երեք անգամ դարձել են չեմպիոն, երկու անգամ՝ արծաթե, մեկ անգամ՝ բրոնզե մեդալակիր։
Երիտասարդների պայքարում Եվրոպայի առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է Աիդա Ազատյանը։ Նա արծաթե մեդալ է նվաճել նաև խառը վազք մրցաձևում։ Երիտասարդների հավաքականի նորեկ Լիլիթ Մկրտչյանը նորմալ վազք մրցաձևում ևս դարձել է արծաթե մեդալակիր:
Հայաստանի հավաքականը ԵԱ-ին մասնակցել է մարզիչներ Էդգար Բաղդասարյանի և Էդվարդ Ղարիբյանի գլխավորությամբ։