Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ, 65 կգ քաշային Ջանես Նազարյանը ոսկե մեդալ է նվաճել Աթենքում ընթացող Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում:

Նազարյանը պայքարը սկսել է որակավորման փուլից՝ հաջորդաբար հաղթելով ամերիկացի, ադրբեջանցի, ֆրանսիացի և ուկրաինացի մրցակիցներին: Եզրափակչում հայ ըմբիշը 5։4 հաշվով առավելության է հասել վրացի Էրեկլե Տավբերիձեին նկատմամբ՝ նվաճելով չեմպիոնի կոչումը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների հավաքականից աշխարհի առաջնությունում մեդալային հույսեր են պահպանում նաև 51 կգ քաշային Մարատ Աճեմյանն ու 60 կգ քաշային Զավեն Մեժլումյանը: Նրանք այսօր սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն և հաղթանակի դեպքում կգոտեմարտեն բրոնզե մեդալների համար:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Արարատ Ավետիսյանը (45 կգ), Մարտին Մանջիկյանը (48 կգ), Մերուժան Մխիթարյանը (55 կգ), Ռոման Ուսոյանը (71 կգ), Հայկ Մեղրիյանը (80 կգ), Պետրոս Բաղրամյանը (92 կգ) և Խաչիկ Խաչատրյանը (110 կգ) տարբեր փուլերում պարտություններ են կրել և դուրս մնացել հետագա պայքարից:

Մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը կտևի մինչև օգոստոսի 3-ը: Հաջորդիվ մրցագորգը կտրամադրվի ազատ ոճային ըմբիշներին: Հայաստանի թիմի կազմում մրցավայր են մեկնել Լևիկ Ավետիսյանը (45 կգ), Դավիթ Բալեյանը (48 կգ), Մհեր Հակոբյանը (51 կգ), Արմեն Պապիկյանը (55 կգ), Համլետ Անտոնյանը (60 կգ), Ավետ Բոյմուշակյանը (65 կգ), Եղիշե Մոսեսյանը (71 կգ), Վաչե Ասլանյանը (80 կգ), Ավետ Ենգոյանը (92 կգ) և Լաերտ Մովսեսյանը (110 կգ):