Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Հովհաննես Մարգարյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում՝ 50մ վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում:

Հովհաննես Մարգարյանը, խոցելով 591 միավոր, գրանցել է համաշխարհային ռեկորդ և դարձել Եվրոպայի չեմպիոն։

Հայաստանի տղամարդկանց թիմը 1738 միավորով նվաճել է նաև թիմային բրոնզե մեդալ։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 50մ վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի կանանց պայքարում 572միավոր արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ։ Հայաստանի կանանց թիմը 1685 միավորով նվաճել է նաև թիմային արծաթե մեդալ։

Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև օգոստոսի 7-ը: Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել մարզիչներ Էդգար Բաղդասարյանի և Էդվարդ Ղարիբյանի գլխավորությամբ։