Բռնցքամարտի Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների տղաների հավաքականը 2 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայում անցկացված պատանիների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է 3-րդ տեղը:
Արթուր Մելքումյանի գլխավորած հավաքականի կազմում պատանեկան ԵԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել են Արտո Բաղրամյանը (46 կգ) և Մենուա Ուլիխանյանը (54 կգ)։ Բաղրամյանը եզրափակչում պարտության է մատնել Ադրբեջանի ներկայացուցչին, իսկ Ուլիխանյանն ուժեղ է գտնվել սերբ մրցակցից:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Սամվել Գրիգորյանը (44 կգ), Դավիթ Դունիամալյանը (48 կգ), Գագիկ Հարությունյանը (63 կգ) և Գրիշա Դիլանյանը (80 կգ) դարձել են արծաթե մեդալակիր։
Պատվո հարթակի 3-րդ աստիճանին են կանգնել Ալեն Նալբանդյանը (40 կգ), Գագիկ Մանուկյանը (50 կգ), Սամվել Սարդարյանը (60 կգ), Սայաթ Թումանյանը (66 կգ) և Ալեքսանդր Առուստամյանը (70 կգ)։
Սերբիայում անցկացված կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում հաջող մրցելույթներ է ունեցել նաև աղջիկների հավաքականը՝ նվաճելով 4 արծաթե և 3 բրոնզե մեդալ:
Խաչիկ Խաչատրյանի գլխավորած թիմի կազմում պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել Էլեն Բաղդասարյանը (36 կգ), Եվա Գրիգորյանը (46 կգ), Կարինե Դալլաքյանը (51 կգ) և Ամալյա Ավագյանը (64 կգ): Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Վանեսա Գևորգյանը (40 կգ), Լիզա Կարճիկյանը (54 կգ) և Լյուսի Չիֆլիկյանը (57 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ: