Գերմանիայում ավարտին մոտեցող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) 17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել՝ նժույգ թափեր վարժության եզրափակչում հավաքելով 14,933 միավոր:
Մանուկյանը նվաճել է Հայաստանի միակ մեդալը: Այս մրցաձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը 11,933 միավորով զբաղեցրել է 8-րդ տեղը։
Իրենց մրցելույթներն ավարտվել են նաև աթլետիկայի ներկայացուցիչները: Եռացատկորդ Յանա Սարգսյանը ցույց է տվել 12.87 մետր արդյունք և զբաղեցրել է 15-րդ տեղը, իսկ Գոռ Հովակիմյանը, անցնելով լավագույն ութնյակ, ցույց է տվել 16.17 մետր արդյունք և գրավել է 6-րդ տեղը:
Հայաստանի ներկայացուցիչները Համաշխարհային համալսարանական ամառային խաղերին (Ունիվերսիադա) մասնակցում են ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Համաշխարհային ամառային ունիվերսիադայում Հայաստանը ներկայացրել են 18 մարզիկներ, որոնք հանդես են եկել 7 մարզաձևում՝ լող, սպորտային մարմնամարզություն, գեղարվեստական մարմնամարզություն, ձյուդո, սուսերամարտ, թաեքվոնդո և աթլետիկա:
Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, պատվիրակության քարտուղարը ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանն է։