ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոց։ Այցի շրջանակում փոխնախարարը հանդիպել է մարզադպրոցի անվանի սաներին՝ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի առաջատար մարզիկներ Արման Անդրեասյանին, Վազգեն Թևանյանին և Լևիկ Միքայելյանին։

Արման Անդրեասյանը և Վազգեն Թևանյանը վերջերս մեդալներ են նվաճել Բուդապեշտում տեղի ունեցած Պոլյակ Իմրեի և Վարգա Յանոսի անվան վարկանիշային մրցաշարում՝ համապատասխանաբար դառնալով արծաթե և բրոնզե մեդալակիրներ։ Լևիկ Միքայելյանը ևս բարձր արդյունք է արձանագրել՝ այս տարվա ընթացքում նվաճելով Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության հաղթողի կոչումը:

Հանդիպման ընթացքում Հասմիկ Ավագյանը շնորհավորել է մարզիկներին վերջին ձեռքբերումների կապակցությամբ՝ ընդգծելով, որ նրանց հաղթանակները ոչ միայն հպարտության առիթ են, այլև ոգեշնչման աղբյուր պատանի սերնդի համար։ Հասմիկ Ավագյանն ընդգծել է՝ Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցը մեծ ավանդույթներ ունեցող դարբնոց է, որտեղ տարիներ շարունակ մարզվել և ձևավորվել են ոչ միայն հանրապետության, այլև միջազգային հարթակներում Հայաստանը ներկայացնող անվանի մարզիկներ: Այս համատեքստում Հասմիկ Ավագյանը հատկապես շեշտել է մարզադպրոցի մեծ ներդրումը Արտաշատում ազատ ոճի ըմբշամարտի և ընդհանրապես՝ մարզական կյանքի զարգացման գործում:

Մարզիկները շնորհակալություն են հայտնել փոխնախարարին ուշադրության և գնահատանքի համար՝ տեղեկացնելով, որ առաջիկայում ուսումնամարզական հավաքներ են անցկացնելու Գյումրիում, ապա՝ Վրաստանում՝ պատրաստվելով սեպտեմբերին կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը։

Այցի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը՝ Արտաշատի համայնքի ղեկավարի տեղակալ Գագիկ Մուրադյանի և մարզադպրոցի տնօրեն Ռաֆիկ Գոլեցյանի ուղեկցությամբ շրջել է հաստատության տարածքում, ծանոթացել գործող ենթակառուցվածքներին, պայմաններին և տեխնիկական հագեցվածությանը։ Քննարկվել է մարզադպրոցի շենքային պայմանների բարելավման, գույքի արդիականացման և նյութատեխնիկական բազայի համալրման անհրաժեշտությունը։

Այնուհետև Հասմիկ Ավագյանը եղել է նաև Արտաշատի քաղաքային մարզադաշտում՝ տեղում ծանոթանալու վերջին շրջանում իրականացված շինարարական և վերանորոգման աշխատանքներին։

Արտաշատի քաղաքային մարզադաշտում ԿԳՄՍ նախարարության հատկացումներով կառուցվել է միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի, ամբողջությամբ վերանորոգվել են տրիբունաները, տեղադրվել է որակյալ խոտածածկ, բարեկարգվել է շրջակա տարածքը։ Բացի դրանից, հիմնանորոգվել են մարզադպրոցի վարչական շենքը, հանդերձարանները և սանհանգույցները։