Հուլիսի 24-ից մեկնարկում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա ընդունելությունը, որը կիրականացվի dimord.emis.am հարթակի միջոցով։

Համակարգում ներկայացված են ՀՀ բոլոր արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները։ 2025-2026 ուսումնական տարում ոլորտային մասնագիտությունների գծով ընդունելության դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականի օգոստոսի 8-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ: Քննությունները կանցկացվեն օգոստոսի 9-17-ը ներառյալ: Ոչ ոլորտային մասնագիտություններով դիմումները կընդունվեն մինչև 2025 թվականի օգոստոսի 17-ը՝ ժամը 18:00-ը ներառյալ: dimord.emis.am կայքում կա նաև ուղեցույց-տեսանյութ, որտեղ ներկայացված են դիմում-հայտի ներկայացման բոլոր քայլերը՝ ըստ հաջորդականության՝ https://www.youtube.com/watch?v=2hc6wtm_bgc։

Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ Արմենպրեսում հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացնելով քոլեջների և ուսումնարանների ընդունելության մանրամասները։

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ բացի ոլորտային (արվեստ, առողջապահություն և սպորտ) մասնագիտություններից, որոնց համար նախատեսված է քննություն, մյուս բոլոր մասնագիտությունների համար ընդունելության մրցույթն անցկացվում է՝ հիմք ընդունելով հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի, մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականները:

Թափուր տեղերի առկայության դեպքում օգոստոսի 17-ին կհայտարարվի երկրորդ փուլի ընդունելություն

«Գործերի ընդունման ավարտից և քննություններից անմիջապես հետո՝ հաջորդ օրը, ամփոփվում են տվյալները, և երկու օրվա ընթացքում հրապարակվում է ամբողջական տեղեկատվությունը: Թափուր տեղերի առկայության դեպքում օգոստոսի 17-ից հետո կհայտարարվի երկրորդ փուլի ընդունելությունը»,- ներկայացրել է Արաքսիա Սվաջյանը:

Անդրադառնալով հայտագրման առցանց գործընթացին՝ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ մասնագիտական կրթության համակարգում լիցենզիոն տեղերի առումով որևէ սահմանափակում չկա. ուսումնական հաստատությունները կարող են մեծ թվով դիմումներ ընդունել, այնուհետև մրցութային կարգով կկատարվի ընդունելությունը՝ ըստ դիմորդների միավորների: Հայտերը հնարավոր է խմբագրել՝ մինչև վերջին օրը փոխելով մասնագիտությունը, ուսումնական հաստատությունը:

12 միլիարդ դրամ՝ քոլեջների և ուսումնարանների նպաստների և կրթաթոշակների համար

ԿԳՄՍ նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ ՄԿՈՒ ոլորտում նպաստների և կրթաթոշակների համար պետության կողմից շուրջ 12 միլիարդ դրամ է հատկացվում՝ միջին մասնագիտական ծրագրերով՝ 6000, արհեստագործական ծրագրերով՝ շուրջ 3312 տեղի համար: Գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ ուղղություններով առկա են նաև գերակա ճանաչված մասնագիտություններ, որոնց դեպքում գործում է կրթաթոշակային ծրագիրը: Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ նախորդ տարվա ընդունելության արդյունքները փաստել են՝ կրթաթոշակային ծրագրի շնորհիվ ընդունելությունը նկատելի ավելացել է հատկապես գերակա ճանաչված մասնագիտություններով։ 2025-26 ուսումնական տարում կրթաթոշակային ծրագիրը կգործի արդեն երրորդ անգամ․ «Վստահ եմ՝ այս տարի ևս ունենալու ենք բավական բարձր ընդունելության ցուցանիշներ թե՛ նախնական, թե՛ միջին մասնագիտական կրթական ծրագրերով: Առաջին կուրսից հետո ուսանողի կրթաթոշակը պահպանվում է ըստ առաջադիմության․ մշտադիտարկումները ցույց են տվել, որ ուսանողների 41% -ը պահպանել է այն»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

Գերակա մասնագիտությունների ցանկը փոխվել է

Նրա խոսքով՝ գերակա են դիտվում այն մասնագիտությունները, որոնք մեր երկրի տնտեսության համար կարևոր նշանակություն ունեն, և այդ ուղղությամբ մասնագետների լուրջ խնդիր և դիմորդների պակաս կա: Այս տարի որոշակի փոփոխություններ են կատարվել գերակա մասնագիտությունների ցանկում։ Օրինակ՝ արևային էներգիայի համակարգերի սպասարկման մասնագիտության գծով նախորդ տարի բավական մեծ թվով դիմորդներ են եղել, ուստի այս տարի նշված մասնագիտությունը գերակա չի դիտվել, փոխարենը՝ կաշվե իրերի պատրաստման մասնագիտությունն է ընդգրկվել:

«Յուրաքանչյուր տարի մենք նաև փորձարարական նոր մասնագիտություններ ենք ներդնում՝ հետևելով տնտեսության զարգացմանը և աշխատաշուկայի պահանջարկին»,- նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ աշխատանքներ իրականացվում նաև աշխատանքի վրա հիմնված ուսուցման ձևերի զարգացման, մասնավորապես՝ դուալ կրթության ներդրման ուղղությամբ։

Ընդունելություն՝ ավելի քան 150 մասնագիտությամբ

Նախարարի տեղակալի նշմամբ՝ ՄԿՈՒ մասնագիտությունների ցանկը բազմաոլորտ է գրեթե բոլոր մասնագիտությունների գծով․ այս տարի ընդունելություն է իրականացվելու ավելի քան 150 մասնագիտություններով:

Անդրադառնալով նախորդ տարվա տվյալների վերլուծությանը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ իններորդ դասարանն ավարտող յուրաքանչյուր երրորդ շրջանավարտ դիմել էր քոլեջ կամ ուսումնարան․ նախորդ ուսումնական տարվա համեմատությամբ՝ ընդունելությունը 11,4%-ով աճել է, ՄԿՈՒ հաստատություններ են ընդունվել են շուրջ 15000 դիմորդներ։

«Այսինքն՝ մենք տարեցտարի նկատում ենք, որ երիտասարդներն ավելի ճիշտ են կողմնորոշվում մասնագիտության ընտրության հարցում: Եթե նրանք հետագայում չեն ուզում բարձրագույն կրթություն ստանալ, ապա կողմնորոշված դիմում են մասնագիտական ուսումնական հաստատություններ: Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում աշակերտները 8-րդ դասարանից սկսած՝ մասնագիտական կողմնորոշման խմբակների են մասնակցում, որը հնարավորություն է տալիս նրանց ծանոթանալ տարբեր մասնագիտությունների և հիմնական դպրոցի ավարտին առավել լավ կողմնորոշվել»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։

Նրա խոսքով՝ ներկայում ՄԿՈՒ համակարգը բուռն փոփոխությունների շրջանում է գտնվում, որոնք առաջիկայում ավելի ընդգծված կդառնան:

Կառավարության հաստատմանն է ներկայացված մասնագիտական կրթության ոլորտում լիցենզավորման կարգի փոփոխությունը, որը բխում է նախորդ տարի հաստատված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքից: Նոր օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը ներկայում ակտիվ մշակման փուլում են։

Ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև սոցիալական կրեդիտների վերադարձի հնարավորությանը. «Յուրաքանչյուր տարի եկամտահարկից մինչև 100 հազար դրամի չափով կրթության համար գումարի հետ վերադարձի հնարավորություն է տրվում: Միջին և նախնական մասնագիտական կրթության ոլորտում վճարված վարձերը ևս վերադարձի ենթակա են: Կրթության բոլոր աստիճաններում՝ բարձրագույն, արհեստագործական և միջին մասնագիտական, հանրակրթական, նախադպրոցական կրթության, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրերի դեպքում /եթե դրանք երաշխավորված են/ սոցիալական կրեդիտը գործում է, և նախատեսված գումարները, որը կրթության դեպքում տարեկան 100 հազար դրամ է կազմում, վերադարձի ենթակա են»։