ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվել է «Հարավարևելյան Եվրոպայի կենսունակ արհեստները» խորագրով լուսանկարների բացօթյա ցուցահանդեսը։

Ցուցահանդեսում առանձին ցուցանակով ներկայացվել է նաև Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը, մասնավորապես` գորգագործությունը, դարբնությունը, խաչքարագործությունը և բրդի մշակումը։

Հայաստանի մասնակցությունն ապահովվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանների և Տերյան մշակութային կենտրոնի և «Մարաշլյան» ֆոտոատելիեի համագործակցության արդյունքում:

«Հարավարևելյան Եվրոպայի կենսունակ արհեստները» խորագրով ցուցադրությունը ներկայացնում է տարածաշրջանի ավանդական արհեստների հարուստ ժառանգությունն ու բազմազանությունը։ Յուրաքանչյուր ցուցանակ պատմում է տվյալ երկրի ոչ նյութական մշակութային ժառանգության մասին՝ կարևորելով ժառանգության պահպանությունն ու սերունդներին փոխանցումը:

Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները պատմում են Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնին անդամակցող 17 անդամ պետությունների 14 արհեստների մասին։

Ցուցադրության նպատակն է բացահայտել տարածաշրջանի ժողովուրդների մշակութային ժառանգության խորքային կապերը, ինչպես նաև ընդգծել արհեստների դերը սոցիալական համերաշխության և ժամանակակից աշխարհում մարդու ստեղծագործական ներուժի զարգացման գործում։

Հայաստանի Հանրապետությունը Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնին (Սոֆիայի կենտրոն) անդամակցում է 2013 թվականից՝ պարբերաբար միջազգային հանրությանը ներկայացնելով Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը: