ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում ավելի քան 3 մլրդ 408 մլն հազար դրամի չափով՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի պատշաճ կատարման, ինչպես նաև դպրոցների արագ արձագանքման ֆոնդի համալրման նպատակով։

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ վերաբաշխվող գումարից շուրջ 2 մլրդ դրամը նախատեսվում է ուղղել դպրոցների և կրթահամալիրների կառուցմանը, ընդ որում՝ դպրոցների կառուցմանը՝ 1.3 մլրդ դրամի, իսկ կրթահամալիրների կառուցմանը՝ 700 մլն դրամի չափով: Գումարը կհատկացվի այն օբյեկտներին, որոնցում շինարարության մասով կատարողականները կլինեն ավելի առաջանցիկ։

«Մանկապարտեզների գույքով ապահովման ուղղությամբ հատկացնում ենք 120 միլիոն 600 հազար դրամ, որն ուղղված է շինարարությունն ավարտված և այս տարի ավարտվող 61 մանկապարտեզին. դրանցից 57-ի համար հիմնական գույքն արդեն ձեռք ենք բերել, և այս որոշմամբ կկարողանանք ամբողջականացնել գույքային աշխատանքները։ 545 միլիոն դրամի չափ գումար էլ հատկացվելու է կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի՝ փոխարժեքի տատանումով առաջացած գումարների սպասարկմանը։ Ծրագրի շրջանակում Երևանում, Արտաշատում, Աշտարակում և Վանաձորում վերակառուցվում և կառուցվում են 300 դպրոցների ցանկում ընդգրկված չորս ավագ դպրոցներ. գումարն ուղղվելու է հենց այդ աշխատանքներին։ Այս ծրագրի շրջանակում ենք իրականացնում նաև հանրակրթական դպրոցների լաբորատորիաներով ապահովումը, ինչպես նաև նախակրթարանների հիմնումը, որը 500 մանկապարտեզների և նախակրթարանների ծրագրի մաս է»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարը նաև ընդգծել է՝ որոշմամբ արհեստական բանականության դպրոցական ծրագրի ստեղծման նոր պայմաններ են ձևավորվում: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է 2023 թվականից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հետ իրականացվող «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրին, որի շրջանակում երեխաները խորացված մաթեմատիկա, ծրագրավորում և նաև արհեստական բանականության հիմունքներ են սովորում և իրականացնում պրակտիկ նախագծեր արհեստական բանականության ոլորտում։ Նախորդ տարի ծրագրում ընդգրկվել է հանրակրթական 15 ուսումնական հաստատություն՝ 7 մարզից, իսկ այս տարվա սեպտեմբերից դպրոցների թիվն ընդլայնվելու է՝ հասնելով 42-ի: Վերջիններս նաև ձևավորվելու են որպես քննական կենտրոններ, որոնցում ուսուցիչների կամավոր ատեստավորման և մյուս կարևոր գործառույթների համար համապատասխան տեխնիկական վերազինում է նախատեսվում Կառավարության այս որոշմամբ:

Անդրադառնալով արագ արձագանքման ֆոնդի համալրմանը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ խոսքը 40 միլիոն դրամի մասին է: Այս գումարը կուղղվի շուրջ 25 դպրոցի հրատապ կարիքների լուծմանը, այդ թվում՝ հունիսի 14-15-ին Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում տեղի ունեցած փոթորիկի և կարկուտի հետևանքով դպրոցների շենքերի վնասների վերականգնմանը և պատշաճ պայմանների ապահովմանը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ 2025 թվականի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կկատարվի վերաբաշխում շուրջ 1 մլրդ 513 մլն դրամի չափով:

Գումարը, մասնավորապես, կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող մի շարք կրթական հաստատությունների շինարարությունն ավարտված և ավարտական փուլում գտնվող օբյեկտների (3 մանկապարտեզի կառուցման, 1 դպրոցի կառուցման, 3 դպրոցի մարզադահլիճի վերակառուցման), շինարարությունը մեկնարկող նոր օբյեկտների (5 մանկապարտեզի կառուցման), տարեկան հատկացումներն ավելացվող ընթացող օբյեկտների (1 մանկապարտեզի կառուցման, 1 կրթահամալիրի կառուցման), նոր օբյեկտների հաշվարկային փաստաթղթերի (15 դպրոցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի «Նախնական նախագիծ» փուլի մշակման) ֆինանսավորման, ավարտված և ավարտական փուլում գտնվող օբյեկտների չափագրման (9 մանկապարտեզի կառուցման, 5 դպրոցի կառուցման, 2 դպրոցի մարզահլիճի վերակառուցման), ինչպես նաև 1 դպրոցի և 16 մանկապարտեզի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի լրամշակման համար:

Ի թիվս մի շարք կրթական հաստատությունների՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի գնման պայմանագրի մնացորդային արժեքի ֆինանսավորում է նախատեսվում իրականացնել նաև Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նոր շենքի կառուցման նպատակով: