ՀՀ կառավարության նիստում այսօր հաստատվել են արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ կրթության ոլորտի բարեփոխումներում առանձնահատուկ տեղ ունի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը, որի բարեփոխումը և արդյունավետության բարձրացումը հանդիսանում են նաև տնտեսության զարգացման կարևորագույն նախապայման:
«Այդ նպատակով է, որ նախորդ տարի ընդունվեց ոլորտի նոր օրենքը՝ մասնավորի հետ համագործակցության և աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ինստիտուցիոնալ ներդրմամբ։ Արդեն երրորդ տարին գործում է արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում առնվազն 50000 դրամ կրթաթոշակի տրամադրման մեխանիզմը: Կառավարության որդեգրած քաղաքականության շնորհիվ նախորդ տարի ՄԿՈՒ համակարգում գրանցել ենք ավելի քան 15000 նոր ուսանող՝ համակարգի ուսանողների ընդհանուր թիվը հասցնելով շուրջ 45000-ի, իսկ գերակա ուղղություններով ընդունելության աճը շատ ավելի զգալի է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Յուրաքանչյուր ուսումնական տարի Կառավարության կողմից հաստատվում են տվյալ ուսումնական տարվա համար ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման կամ պետության կողմից փոխհատուցվող ընդունելության տեղերը: Ըստ այդմ՝ միջին մասնագիտական կրթական ծրագրերով հատկացվում է 6064 տեղ՝ պետության փոխհատուցմամբ, իսկ արհեստագործական ծրագրերով՝ 3312 տեղ. այս համամասնությունը պահպանված է նաև ներկայացված որոշմամբ: Ընդհանուր առմամբ՝ սա վերաբերելու է 58 ուսումնական հաստատությունների արհեստագործական ծրագրերով 41 մասնագիտությունների և 74 ուսումնական հաստատությունների միջին մասնագիտական կրթական ծրագրերով՝ 116 մասնագիտությունների:
Նախարարն ընդգծել է՝ որոշման նախագիծը մշակելիս և տեղերը հատկացնելիս հաշվի են առնվել աշխատաշուկայի պահանջարկը, ինչպես նաև մասնագետների պատրաստման հնարավորությունները, այդ թվում՝ լիցենզիոն, նյութատեխնիկական բազան, համապատասխան մասնագետները:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս ուսումնական տարվա համար անվճար ուսուցման տեղերն առավելապես կհատկացվեն ՀՀ մարզերում գործող արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին. ներկայում մարզերում գործող ուսհաստատությունների ուսանողների շուրջ 90%-ն ուսումնառում է անվճար ուսուցման համակարգում:
Նախարարի խոսքով՝ արդեն մի քանի տարի է՝ ինչ փորձարարական կարգով ներդրված կրթական ծրագրերով է նաև ուսուցում իրականացվում. այս տարի ևս այն վերաբերելու է 7 մասնագիտության՝ արհեստագործական կրթական ծրագրերով, 19 մասնագիտության՝ միջին մասնագիտական կրթական ծրագրերով: Սեպտեմբերից նախատեսվում է նաև երկու նոր մասնագիտության ներդրում, որոնք առաջարկվել են մասնավորի կողմից՝ որպես մասնագետների պատրաստման կարևոր ուղղություններ:
Որոշմամբ հաստատվել է նաև յուրաքանչյուր ուսումնական տարվա համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունների ցանկը, որոնցով գործում է ամսական նվազագույնը 50000 դրամ կրթաթոշակի մոտեցումը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ կրթաթոշակի տրամադրումն իրականացվում է արդեն երրորդ տարին, նախորդ տարիների համեմատ ցանկում մեծ փոփոխություններ չեն իրականացվել:
Կարևորելով որոշման ընդունումը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ այս ընթացքում ձևավորվել են կրթության ոլորտում երկրի ռազմավարական պատկերացումները, և մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում իրականացվող բարեփոխումներն ամբողջացնում են այդ պատկերը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է հատկապես բոլոր մակարդակներում կրթության հասանելիության ապահովումը:
«Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում, կարծում եմ, շատ կարևոր ռազմավարական ըմբռնման ենք հասել, որը հետևյալն է՝ թե՛ Երևանի, թե՛ մարզերի դպրոցների շրջանավարտները պետք է հնարավորություն ունենան մասնագիտական կրթության և ուսուցման համակարգով ներառվելու իրենց մարզի տնտեսության մեջ: Այսինքն՝ անհրաժեշտ է ունենալ մարզի տնտեսական կառուցվածքին և աշխատաշուկային արձագանքող մասնագիտական կրթության և ուսուցման համակարգ, որպեսզի շրջանավարտները սովորեն և շարունակեն գործունեությունն իրենց մարզերում»,- նշել է ՀՀ վարչապետը։
Անդրադառնալով նախորդ ուսումնական տարվա ընդունելության տվյալներին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ 9-րդ դասարանն ավարտած յուրաքանչյուր երրորդ երեխան որոշել է կրթությունը շարունակել ՄԿՈՒ հաստատությունում, ինչը շատ լավ ցուցանիշ է: Առավել գերակշռող են դառնում այն մասնագիտությունները, որոնք տնտեսության կողմից պահանջված են:
«Նախորդ տարի ավելի քան 770 դիմորդ ենք ունեցել խոհարարության գծով, և սա ցույց է տալիս, որ մի կողմից ունենք զարգացող տնտեսության ոլորտ, իսկ մյուս կողմից՝ կադրային հստակ պահանջարկը լրացնող կրթական գործընթաց: Այդպիսի միտում նկատելի է նաև զբոսաշրջության ուղղությամբ, որտեղ ունեցել ենք ավելի քան 400 դիմորդ: Սա ևս ցույց է տալիս, որ համակարգը բավականին սինխրոնացված է աշխատում տնտեսության կարիքների հետ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: