Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում։ Չորրորդ խաղում Հայաստանի ընտրանին մրցել է Էստոնիայի հավաքականի հետ և 61։58 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։

Հայաստանի հավաքականի մրցելույթին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Յուրա Մելիքյանը, որը գրանցել է դաբլ-դաբլ՝ 17 միավոր, 16 ռեբաունդ, 3 արդյունավետ փոխանցում։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը խմբային փուլում անցկացրել է 4 խաղ և տարել 1 հաղթանակ։ Թիմի առաջիկա մրցակիցները հայտնի կդառնան հուլիսի 16-ին։

Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության հանդիպումների տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց՝ tomsarkgh.am և Ticketon.am հարթակներից։ Ընդ որում՝ մեկ տոմսով կարող եք մուտք գործել օրվա բոլոր խաղերին։