Հայ-վրացական երիտասարդական հավաքի շրջանակում ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք Ապարանում տեղի է ունեցել «Երիտասարդական քաղաքականությունը Հայաստանում և Վրաստանում, երիտասարդների դերը որոշումների կայացման գործընթացներում» թեմայով պանելային քննարկում:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Բայա Քվիցիանին, Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը, Ապարան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Կարապետյանը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը:
Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հավաքի մասնակիցներին, ընդգծել է հայ և վրացի երիտասարդների՝ միմյանց ավելի լավ ճանաչելու, համատեղ գաղափարներ փոխանակելու կարևորությունը։ Նա շեշտել է` հայերը և վրացիները հին և հարուստ մշակույթ ունեցող ժողովուրդ են և պետք է շատ լավ ճանաչեն միմյանց պատմությունը, ավանդույթները, մշակույթը, նույնիսկ խոհանոցը։ Նրա խոսքով՝ նմանօրինակ հանդիպումները խթանում են մշակութային երկխոսությունը և նպաստում երիտասարդների միջև կապերի ամրապնդմանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նաև Հայաստանի և Վրաստանի՝ երիտասարդական պետական քաղաքականության առանձնահատկությունները։ Նրա դիտարկմամբ՝ երկու երկրների քաղաքական ուղեգծերը շատ առումներով նման են՝ հատկապես ժողովրդավարության ճանապարհի ընտրությամբ:
«Վստահ եմ՝ լավագույն տարբերակը ավելի շատ համագործակցելն ու միմյանցից սովորելն է, որովհետև Հայաստանի և Վրաստանի երիտասարդության մասնակցության և զորեղացման մարտահրավերները շատ նման են։ Իսկ դա նշանակում է, որ լուծումները կարող են նույնը լինել, իսկ մարտահրավերները կարող ենք հաղթահարել` սովորելով միմյանցից»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը հաջողություն է մաղթել հավաքի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին:
«Մենք մշտապես զգում ենք այս նախաձեռնության կարևորությունը և ուզում ենք պահպանել այն բարձր մակարդակի վրա»,- եզրափակել է նա։
«Երիտասարդական քաղաքականությունը Հայաստանում և Վրաստանում, երիտասարդների դերը որոշումների կայացման գործընթացներում» թեմայով պանելային քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ պետական քաղաքականությունը երիտասարդության ոլորտում, իրականացվող ծրագրերը, առաջնահերթությունները: Նա մասնավորապես անդրադարձել է վերջերս ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքին՝ ընդգծելով օրենքի մշակման գործընթացում ապահովված բարձր մասնակցայնության մասին: Արթուր Մարտիրոսյանն առանձնակի անդրադարձել է նաև երիտասարդական կենտրոնների ստեղծման քաղաքականությանը՝ կարևորելով դրանք որպես երիտասարդների ներուժի բացահայտման, ինքնիրացման, մշակութային ժամանցի միջավայրի ձևավորման կարևոր հարթակներ:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Բայա Քվիցիանին՝ կարևորելով Հայ-վրացական երիտասարդական կապերի ամրապնդումն ու համագործակցությունը փոխադարձ փորձի յուրացման և նոր ծրագրերի իրագործման համատեքստում: Պանելային քննարկման ընթացքում նա ներկայացրել է Վրաստանում երիտասարդական քաղաքականությունը, առանցքային թիրախները և նախատեսվող ծրագրերը:
Նշենք, որ Հայ-վրացական երիտասարդական հավաքն այս տարի անցկացվել է 2025 թ. հուլիսի 9-11-ը: Պանելային քննարկումից զատ, ծրագիրն ընդգրկել է առաջնորդական, երիտասարդական, մշակութային, սպորտային, կրթական, ճանաչողական միջոցառումներ: Այն իրականացվել է ԿԳՄՍՆ աջակցությամբ` «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպմամբ։