Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Օքսֆորդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և Բոլոնիայի համալսարանի հայագիտության դոցենտ Աննա Սիրինյանին։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։

Ողջունելով հյուրերին՝ նախագահը բարձր է գնահատել պրոֆեսոր Վան Լինտի և դոցենտ Սիրինյանի երկարամյա գործունեությունն ու հայագիտության զարգացմանն ուղղված արժեքավոր ներդրումը։

«Գնահատելի է այն աշխատանքը, որ դուք կատարել եք տարիների ընթացքում։ Ձեր գիտական գործունեությամբ աշխարհին եք ներկայացրել հայոց լեզուն, հայ գրականությունը, մշակույթն ու պատմությունը։ Ձեր աշխատանքը մեզ համար ևս մեծ կարևորություն ունի, և հորդորում եմ շարունակել այդ նվիրված գործը»,- նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Հանդիպման ավարտին Վահագն Խաչատուրյանը պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա Սիրինյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով՝ հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար։