Հայագիտական միջազգային կոնգրեսի սիրելի՛ մասնագիցներ, հարգելի՛ ներկաներ,
Ջերմորեն ողջունում եմ ձեզ Հայագիտական միջազգային կոնգրեսի հարթակում։
Հայագիտությունը՝ որպես գիտական ուղղություն, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և քաղաքակրթական ժառանգության պահպանման, արժևորման և արդիականացման համատեքստում։ Միևնույն ժամանակ, այն գիտական ու կրթական դիվանագիտության առանցքային բաղադրիչներից մեկն է, որի միջոցով Հայաստանը ներկայանում է միջազգային ակադեմիական հանրությանը՝ որպես մշակույթ ստեղծող և արժեքներ կրող երկիր։
Այսօր հայագիտության զարգացումն ու տարածումը, ինչպես երբեք, պահանջում են համակարգված, նորարարական և համահայկական մոտեցում։ Այս առումով օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնները ունեն առանցքային նշանակություն՝ որպես կամուրջներ Հայաստանի և աշխարհասփյուռ հայության, ակադեմիական շրջանակների և մշակութային հասարակությունների միջև։
2012 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից համակարգվող և Հայաստանի պետական բյուջեով ֆինանսավորվող հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագրի շնորհիվ հայագիտությունը հաջողությամբ զարգանում է տարբեր աշխարհագրական գոտիներում։ Այսօր արդեն 11 երկրում 13 բուհական և գիտական կառույցներ իրականացնում են հայագիտական ծրագրեր։ Դրանց թվում են Բուխարեստի, Վենետիկի, Հռոմի, Զալցբուրգի, Պոտսդամի, Հալլեի, Քենեդիի, Ռոսարիոյի, Մադրիդի, Կահիրեի, Սինալոայի, Դեմոկրիտի և այլ համալսարաններ, որոնց թիվը շարունակաբար համալրում են աշխարհահռչակ այլ համալսարանները: Այս կենտրոնները տարբեր երկրներում հանդես են գալիս ոչ միայն որպես լեզվի ու մշակույթի կրողներ, այլև իրականացնում են գիտահետազոտական և կրթական ծրագրեր՝ դրանով իսկ ապահովելով հայագիտության տարածումը, խորացումը և մշտական ներկայությունը համաշխարհային գիտական շրջանակներում։
- Բուխարեստի համալսարան (Ռումինիա)
Իրականացվում է հայոց լեզվի և մշակույթի դասավանդում, գիտահետազոտական աշխատանքներ և ուսումնաօժանդակ նյութերի ստեղծում։
- Կա Ֆոսկարի համալսարան, Վենետիկ (Իտալիա)
Դասավանդվում է հայոց լեզու՝ բակալավրիատի շրջանակում։ Իրականացվում են գիտական նախագծեր և աջակցություն ավարտական աշխատանքներին:
- Լա Սապիենցա համալսարան, Հռոմ (Իտալիա)
Գործում են հայոց լեզվի, գրականության և մշակույթի դասընթացներ։ Կազմակերպվում են հանրամատչելի միջոցառումներ։
- Զալցբուրգի համալսարան (Ավստրիա)
Դասավանդվում են հայերեն և հայագիտական առարկաներ։ Իրականացվում են հրապարակումներ և գիտաժողովներ։
- Լեփսիուսի ինստիտուտ, Պոտսդամ (Գերմանիա)
Իրականացվում են հետազոտական աշխատանքներ՝ հիմնված Լեփսիուսի արխիվի վրա։
- «Մեսրոպ» կենտրոն, Հալլե (Գերմանիա)
Իրականացվում է հայերեն լեզվի ուսուցում, հայագիտական հետազոտություններ և գիտական համագործակցություն։
- Քենեդի համալսարան (Արգենտինա)
Գործում է հայագիտական ամբիոն, իրականացվում են հայերենի դասընթացներ և ուսումնամեթոդական նյութերի մշակում։
- Ռոսարիո համալսարան (Արգենտինա)
Դասավանդվում է հայոց լեզու, կազմակերպվում են հայագիտական սեմինարներ։
- Ուրուգվայի համալսարան (Ուրուգվայ)
Իրականացվում են հայագիտական կրթական, հետազոտական և հանրային տարածման ծրագրեր։
- Կահիրեի համալսարան (Եգիպտոս)
Գործում է գրական հայերենի կամընտրական դասընթաց՝ մշակված տեղայնացված մեթոդներով։
- Կոմպլուտենս համալսարան, Մադրիդ (Իսպանիա)
Իրականացվում է հայագիտական դասավանդում և հետազոտական գործունեություն։ Հյուրընկալել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը։
- Դեմոկրիտոսի համալսարան (Հունաստան)
Իրականացվում է հայագիտության համակարգված դասավանդում՝ համագործակցությամբ ՀՀ կրթական կառույցների հետ։
- Սինալոայի համալսարան (Մեքսիկա)
Իրականացվում է «Երկրագիտություն. Հայաստան» դասընթացը՝ հեռավար եղանակով։
Նշեմ նաև, որ Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախատեսված է, համագործակցության արդյունքում, 2030 թվականին հայագիտական կենտրոնների թիվը հասցնել 23-ի, իրականացնել տարեկան 12 հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև 8 հայագիտական միջազգային գիտաժողովներ և կրթամշակութային միջոցառումներ։
Առաջիկա տարիներին նույնպես նախատեսվում է նոր հուշագրերի ստորագրում օտարերկրյա պետություններում գործող կրթագիտական կառույցների հետ՝ հայագիտական ամբիոններ և կենտրոններ ստեղծելու նպատակով:
Հայագիտական կենտրոնների հետ համատեղ աշխատանքների արդյունքում ձևավորվում է համագործակցային մի նոր ձևաչափ՝ ուղղված հայագիտության ոլորտում միջազգային համագործակցության խորացմանը և համակարգմանը։ Այս համատեքստում կցանկանայի անդրադառնալ 2023 թվականի նոյեմբերի 21-22-ը Իսպանիայում՝ Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում տեղի ունեցած համաժողովին, որը կազմակերպվեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ։
Սա հայագիտական կենտրոնների մասնակցությամբ առաջին միջազգային համաժողովն էր, որին մասնակցում էին վերոնշյալ համալսարանների հայագիտական կենտրոնների ղեկավարներ, հայագետներ, գիտաշխատողներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթագիտական կառույցների ներկայացուցիչներ:
Հանդիպումը դարձավ հարթակ, որտեղ անդրադառնում են մեր առաջնային նպատակներին՝ հայագիտության զարգացման հեռանկարներին, առկա մարտահրավերներին և ոլորտում համագործակցության հնարավորություններին։ Մասնակիցները ներկայացրին իրենց կրթական և գիտահետազոտական գործունեությունը, իսկ քննարկումների արդյունքում հստակ ձևակերպվեցին նաև փոխգործակցության զարգացման առաջնահերթություններն ու մեխանիզմները։ Այս անդրանիկ համաժողովը կարևոր հիմք հանդիսացավ հայագիտության զարգացման տեսլականը համատեղ ձևակերպելու և համակարգային զարգացում ապահովելու համար։
Այսօր արդեն այդ գործընթացը շարունակվում է՝ միտված ոչ միայն գիտաժողովների կազմակերպմանը, այլև կենտրոնների համապարփակ համագործակցությանը՝ կրթական ծրագրերի, համատեղ հետազոտությունների, գիտակազմակերպչական ջանքերի ու փոխգործակցության խորացման ուղղությամբ։
Հայագիտության արդյունավետ զարգացման և տեսանելիության ապահովման համար չափազանց կարևոր է աշխարհասփյուռ հայագիտական կենտրոնների փոխհամագործակցությունը։ Միասնական գիտական նախագծերի, համատեղ համաժողովների, հրապարակումների և փոխանակման ծրագրերի միջոցով հնարավոր է ստեղծել ամուր գիտակրթական ցանց, որը կնպաստի թե՛ մասնագիտական որակի բարձրացմանը, թե՛ հայ ժողովրդի մշակութային ժառանգության տարածմանը միջազգային հարթակներում։ Նման ձևաչափը հնարավորություն է ստեղծում իրականացնելու կրթագիտական համատեղ ծրագրեր և կիսվելու նորարար փորձառությամբ՝ միավորելով մասնագետներին ազգային արժեքների շուրջ և ապահովելով համահայկական գիտական շարունակականություն։
Նախարարությունը նախաձեռնել է ցանցային հայագիտական համալսարանի ստեղծումը, որով հնարավոր կլինի միավորել հայագիտական կենտրոններում արդեն իսկ զարգացող կարողությունները և սահմանել դրանց զարգացմանն ուղղված գործուն քայլերի շրջանակը: Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման հիմնական ուղղություններն են՝
- ուսանողների և դասավանդողների ակադեմիական շարժունության զարգացման մեխանիզմների ստեղծում,
- նորարարական կրթական տեխնոլոգիաների ներդրում համատեղ կրթական ծրագրերով կազմակերպվող ուսուցման գործընթացներում,
- hայագիտության բնագավառում ընդհանուր կրթական տարածքի և հնարավորության ձևավորում՝ կրթագիտական համատեղ ծրագրեր մշակելու և իրականացնելու համար,
- Հայաստանում և օտարերկրյա պետություններում գործող կրթագիտական կառույցների միջև երկխոսության և համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների՝ ձևաչափերի ստեղծում,
- հայագիտության ոլորտում կրթագիտական կառույցների ռեսուրսների միավորում՝ կրթագիտական համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով,
- աջակցություն Ցանցային հայագիտական համալսարանի մասնակից պետություններում ապրող ազգերի լեզուների, մշակույթների և ավանդույթների ուսումնասիրմանը։
Այս ձևաչափը ոչ միայն կխթանի հայագիտության ինստիտուցիոնալ զարգացումը, այլև կապահովի գիտական ներուժի պահպանումը և վերարտադրությունը՝ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում։
Օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների համագործակցությունը Հայաստանի կրթագիտական կառույցների և բուհերի հետ կարևոր նշանակություն ունի հայագիտության համակարգված զարգացման և գիտական ներուժի համախմբման համար։ Նման համագործակցությունը կարևոր կամուրջ է Հայաստանի և սփյուռքի միջև՝ ամրապնդելով համահայկական գիտակրթական և մշակութային կապերը։ Հայաստանի բուհերն ու կրթագիտական կառույցները, համագործակցելով օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների հետ, կարող են ներգրավվել միջազգային գիտական ցանցերում, բարձրացնել հայկական կրթության վարկանիշային հեղինակությունը, ապահովել ազգային արժեքների և մշակութային ժառանգության միջազգային տարածումն ու ճանաչումը։
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությունը հայագիտության զարգացմանը լինելու է շարունակական և հետևողական։ Մեր նպատակն է՝ ստեղծել այնպիսի գիտակրթական միջավայր, որտեղ հայագիտությունը կներկայանա ոչ թե միայն որպես մշակութային ժառանգության պահպանման գործիք, այլ որպես ակտիվ հետազոտական ոլորտ՝ արդիական մեթոդաբանությամբ, համագործակցային հարթակներով և համաշխարհային գիտության հետ մշտապես հաղորդակցվող կեցվածքով։
Անշուշտ, այս ամենը հնարավոր չէ իրականացնել առանց հայագիտական կենտրոնների ղեկավարների, դասախոսների և հետազոտողների նվիրվածության և նրանց՝ հստակ տեսլականով առաջնորդվելու կարողության։ Ուստի ևս մեկ անգամ խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով ու համագործակցությամբ նպաստում են հայագիտության ամրապնդմանը և վերաիմաստավորմանը:
Օտարերկրյա պետություններում հայագիտությունը դիտարկվում է որպես բազմաֆունկցիոնալ միջազգային գիտակրթական հարթակ, որը համադրում է ակադեմիական, լեզվական և մշակութային բաղադրիչներ։ Այսպիսով, այն ծառայում է որպես ամուր և նպաստավոր հիմք՝ հայկական մշակույթի գիտակրթական ներկայությունը աշխարհում ամրապնդելու, դրա շարունակականությունն ապահովելու և սերունդներին փոխանցելու համար։
Օգտվելով այս հնարավորությունից՝ ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայագիտական միջազգային կոնգրեսի կազմակերպիչներին՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և հայագիտության կարևոր հարցերը միջազգային օրակարգում պահելու համար։
Հատկանշական է, որ Հայագիտական միջազգային կոնգրեսն անցնում է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ մի վայր, որը ոչ միայն հայ ձեռագրական մշակույթի սրբավայրն է, այլև ազգային գիտական մտածողության խորհրդանիշը։ Այս խորհրդանշական վայրը վերածվում է համահայկական մտավոր երկխոսության կենտրոնի, որտեղ հանդիպում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայագետներ, լեզվաբաններ, պատմաբաններ և մշակութաբաններ՝ կիսվելու գիտական ձեռքբերումներով, խորացնելու մասնագիտական համագործակցությունը և միասին ձևավորելու հայագիտության զարգացման նոր ուղղություններ։
Շնորհակալություն: