Սյունիքի մարզի Գորիս համայնքում նախատեսվում է կառուցել ՔՈԱՖ սմարթ կենտրոն և COAF Smart Farm գյուղատնտեսական համալիրներ։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում:
Անդրադառնալով նախաձեռնությանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Գորիսում ոչ ֆորմալ կրթության հնարավորության ստեղծումը, որն իրականացվելու է Եվրոպական միության հետ համագործակցությամբ՝ տնտեսական ու սոցիալական զարգացման ծրագրի շրջանակում։
«Երեք տարեկանից սկսած՝ երեխաները տեխնոլոգիական հմտությունների, արվեստի, ստեղծագործական ունակությունների զարգացման հնարավորություն կունենան: 18-ից բարձր տարիքի երիտասարդների համար նաև մասնագիտական ուսուցման հնարավորություններ են ընձեռվելու՝ մեղվաբուծության, խոհարարության և մի շարք այլ կարևոր ուղղություններով: Ստեղծվող համալիրը լինելու է հավելում ֆորմալ կրթությանը՝ սկսած նախադպրոցական տարիքից մինչև մասնագիտական ուսուցում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարը նաև ընդգծել է՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի՝ ՔՈԱՖ-ի հետ առավել ընդգրկուն համագործակցության շրջանակում համատեղ աշխատանքներ են իրականացվում նաև ֆորմալ կրթության բնագավառում, մասնավորապես՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում:
«Հաշվի առնելով նաև գյուղական համայնքների դպրոցներում անգլերենի ուսուցման որակի բարձրացման ՔՈԱՖ-ի երկարամյա փորձը՝ համատեղ փորձարկվել է անգլերենի չափորոշիչը: ՔՈԱՖ-ը մասնակցել է դասագրքերի ստեղծման գործընթացին, և այժմ դպրոցները հնարավորություն ունեն ընտրելու հիմնադրամի հեղինակած անգլերենի դասագրքերը: Սա թույլ է տալու օտար լեզվի ուսուցումը մեր դպրոցներում դարձնելու ավելի որակյալ»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի խոսքով՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամն արդյունավետ կրթական և համայնքային ծրագրեր է իրականացրել Լոռու մարզում, մասնավորապես՝ Դեբետում, ինչը վստահություն է ներշնչում, որ Սյունիքի մարզում ևս նոր կենտրոնի գործարկումը դրական ազդեցություն կունենա կրթական միջավայրի և համակարգի վրա: