ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է «Դիմակայուն Սյունիք» ծրագրի կրթական բաղադրիչը:
Նախարարի խոսքով՝ ծրագիրը կնպաստի Սյունիքի մարզում մարդկային կապիտալի զարգացման հնարավորությունների ընդլայնմանը. «Նախատեսում ենք Սիսիանում և Կապանում գործող քոլեջների վերակազմավորում, այդ թվում՝ բովանդակության և կրթական ծրագրերի, որպեսզի դրանք կարողանան ապահովել տեղի համար կարևոր կադրերի պատրաստում՝ օժտված համապատասխան հմտություններով ու գործնական գիտելիքներով: Մասնագիտական մրցունակ գիտելիքները մեր քաղաքացիներին հնարավորություն կտան տարբեր ուղղություններով ծավալելու սեփական ձեռնարկատիրական գործունեությունը, ինչը արդիական և կարևոր է Սյունիքի մարզի տնտեսական կարիքների բավարարման տեսանկյունից»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ խոսքը ոչ միայն շինարարական, այլև բովանդակային աշխատանքի մասին է: Եվրոպական ներդրումային բանկի գործընկերների հետ արդեն իսկ քննարկվել և մշակվել են կրթական ծրագրերն ու անհրաժեշտ ենթակառուցվածքները:
«Հատկապես մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում առաջնային նպատակ է մարզերում ունենալ զարգացած քոլեջներ, որոնք տարածքային համաչափ զարգացման տրամաբանության ներքո տեղում կապահովեն համապատասխան կադրերի պատրաստումը: Այդ ուղղությամբ աշխատանքը Սյունիքում կիրականացվի հենց այս ծրագրի շրջանակում»,- եզրափակել է նախարարը:
«Դիմակայուն Սյունիք» ծրագիրը նախատեսվում է իրականացնել Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ և բացի կրթականից՝ ունի նաև առողջապահական և ենթակառուցվածքների զարգացման բաղադրիչներ: