ՀՀ կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրի նախագիծը: Ըստ այդմ՝ քննարկվել են Դիլիջանի, Դվինի, Գորիսի, Ջերմուկի և Եղեգիսի համար կլաստերային զարգացման ծրագրերի մանրամասները՝ մշակութային ժառանգության պահպանմամբ ու հանրահռչակմամբ զբոսաշրջության խթանման համատեքստում:

Մասնավորապես՝ Դվին կլաստերի նպատակն է ներգրավել հնագիտությամբ հետաքրքրված այցելուների: Ներդրումները նպատակաուղղած կլինեն զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմանը, այդ թվում՝ Դվին հնավայրի հուշարձանների մասնակի վերակառուցմանը և հնավայրի տարածքում թանգարանի կառուցմանը:

Ներկայացնելով հարցի վերաբերյալ մեկնաբանություն՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ մշակույթի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը համադրելի են զբոսաշրջության զարգացման առաջնահերթություններին:

«Դվին հնավայրի հատվածում բավականին մեծ աշխատանք է իրականացվել, և այժմ ենթակառուցվածքների ամբողջացմամբ՝ հատկապես թանգարանի կառուցմամբ, նորովի կներկայացվի Դվին հնավայրի ժառանգությունը: Պեղված ցուցանմուշները եզակի են իրենց նշանակությամբ և պետք է ցուցադրվեն հենց տեղում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով, որ մշակույթի զարգացման ծրագրերը կարող են նպաստել զբոսաշրջության զարգացմանը:

Նա նշել է, որ ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության մեջ առանձին ուղղություն է դժվարամատչելի հուշարձանների հանրահռչակումը: Զուգահեռաբար ստեղծվում են զբոսաշրջության զարգացմանն ուղղված քայլարշավային արահետներ, որը մշակութային ժառանգությունը դարձնում է ավելի հասանելի:

Ժաննա Անդրեասյանը ներկայացվող նախագծի համատեքստում անդրադարձել է նաև համայնքային զարգացմանն ուղղված այլ ծրագրերի: Մասնավորապես՝ սեպտեմբերին Գյումրիում աշխատանքը կսկսի Լոզանի հյուրընկալության դպրոցը՝ իրականացնելով ոչ ֆորմալ կրթության դասընթացներ: «Նպատակ ունենք ոչ ֆորմալ կրթական դասընթացները վերածել ֆորմալ կրթության, ինչը մեր երկրում բարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատությունում կրթություն ստանալու հնարավորություն է տալու, և այս հաստատության գործունեությունը կարևոր է ոչ միայն մեր քաղաքացիների, այլև արտերկրից սովորողների ներգրավելու տեսանկյունից»,- եզրափակել է նախարարը: