ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» ՀԿ-ն «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է «Թանգարանի կրթական հնարավորությունները ֆորմալ կրթության ոլորտում» վերապատրաստման դասընթացը:
Հնգօրյա դասընթացին մասնակցում են 36 մենթոր դպրոցի ուսուցիչ և 14 թանգարանային մանկավարժ։ Նպատակն է ընդլայնել և զարգացնել թանգարանների դերը ֆորմալ կրթության գործընթացում՝ ամրապնդելով թանգարան-դպրոց համագործակցությունը, ներկայացնել թանգարանները որպես կրթական ռեսուրս և հարթակ՝ դպրոցական ուսուցման արդյունավետությունն ու ընկալելիությունը բարձրացնելու նպատակով։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան թանգարանային մանկավարժության հիմունքներին, թանգարան-դպրոց համագործակցության տեսակներին, մեթոդներին, տեղական և միջազգային փորձին:
Դասընթացի մեկնարկին մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Մատնանշելով ժամանակակից աշխարհում թանգարանների վերափոխվող առաքելության և կրթամշակութային ներուժի հնարավորությունները՝ նա կարևորել է ինչպես թանգարանային մանկավարժության դերը, այնպես էլ թանգարան-դպրոց համակարգված երկխոսությունը: Աստղիկ Մարաբյանը նաև շեշտել է, որ նշյալ ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության մշակութային քաղաքականության լայն համատեքստում, որի նպատակն է ընդլայնել մշակույթի դերը կրթական գործընթացներում, ձևավորել թանգարանների և ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ համագործակցություն:
Ծրագրի արդյունքում ուսուցիչների և թանգարանային մանկավարժները համատեղ կմշակեն դպրոցական ուսումնական ծրագրերին համապատասխան թանգարանային կրթական ծրագիր՝ ԿԶՆԱԿ-ի չափորոշիչներին համապատասխան։