ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ բուհերի ռեկտորներին՝ քննարկելու ուսանողների շրջանում պետական քաղաքականությամբ նախատեսված առողջ ապրելակերպի խրախուսմանն ուղղված ծրագրերը:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծում առողջ ապրելակերպին առնչվող կարգավորումներին:

«Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից, և կարևոր է ուշադրություն դարձնել այն կարգավորումներին, որոնք ուղղված են ուսանողների մարզական գործունեությանն ու առողջ ապրելակերպի խրախուսմանը, ինչի վերաբերյալ օրենքում նախատեսված են առանձին դրույթներ: Մասնավորապես՝ նշված է, որ ուսանողներն իրավունք ունեն մասնակցելու բուհում գործող մարզական ակումբների գործունեությանը և կուտակելու կրեդիտներ»,- ասել է նախարարը՝ կարևորելով ուսանողների մասնակցության խրախուսումը:

Նա հատկապես կարևորել է ակումբային սպորտի զարգացումը նաև խաղային մարզաձևերի միջոցով. «Պետությունը շահագրգիռ է ուսանողական լիգաների կազմակերպման հարցում, ինչը, կարծում եմ, էականորեն կարող է միջավայր փոխել և մեր ուսանողներին խրախուսել զբաղվել սպորտով»։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ պայմանների ու ենթակառուցվածքների ապահովումը ընթացիկ լուծելի հարցեր են, և այս փուլում առաջնային է առողջ ապրելակերպի խրախուսման բաղադրիչը բուհական միջավայր ինտեգրելու, գաղափարի ուղերձը ուսանողներին հասցնելու հարցը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրության և վերլուծության իրականացումից հետո նախանշել, թե ուսանողների համար որ մարզաձևից է առավել հետաքրքրական ուսանողական լիգայի ձևավորումը:

«Այս նպատակի իրագործումը միայն սպորտի մասին չէ. այնա նաև թիմային աշխատանքի, բուհի շուրջ համախմբման, գաղափարական միջավայրի ձևավորման, երկրպագուների մշակույթ ունենալու մասին է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպմանը քննարկել է նաև ՀՀ կառավարության կողմից հաստատված հեծանիվների ձեռքբերման սուբսիդավորման ծրագիրը:

«Պետությունն իր վրա է վերցնում շահառուների՝ բուհերի և քոլեջների աշխատակիցների ու ուսանողների կողմից վարկային միջոցներով (վարկի առավելագույն չափը՝ 300 հազար ՀՀ դրամ) հեծանիվի ձեռքբերման դեպքում տոկոսավճարի սուբսիդավորում կատարելը: Ըստ նախնական հարցման՝ այս պահին հեծանիվով աշխատավայր կամ ուսման վայր գալիս է հարցվածների շուրջ 0.3%-ը, ինչը բավականին ցածր ցուցանիշ է: Սակայն ավելի մեծ թվով հարցվածներ նշել էին, որ հնարավորության դեպքում կնախընտրեին հեծանիվով երթևեկությունը: Սա նշանակում է, որ պետք է միասնաբար մտածենք խրախուսման ճիշտ ձևերի ու մեխանիզմների մասին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպմանը քննարկվել են անհրաժեշտ ենթակառուցվածքների, հնարավոր ռիսկերի, դրանց կանխման ուղղված գործողությունների վերաբերյալ հարցեր: Առաջարկներ են ներկայացվել պետության ընձեռած հնարավորությունից օգտվելու խրախուսման և մոտիվացիայի բարձրացման վերաբերյալ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը հատկապես կարևորել է ուսանողների շրջանում ծրագրի մասին իրազեկվածության պատշաճ ապահովումը՝ շեշտելով, որ այս հարցում կարևոր անելիք ունեն բուհերը: