ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» նոր համաձայնագիրը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ hամաձայնագրի վավերացման նպատակահարմարությունը պայմանավորված է Ռուս-հայկական համալսարանի կառավարման, կրթական և գիտահետազոտական գործունեության արդյունավետության բարձրացմամբ, ինչպես նաև գործընթացները ՀՀ և ՌԴ օրենսդրություններին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
«Համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա ապահովելու բուհի զարգացումը, որն արդեն իսկ կարևոր դեր է խաղում ՀՀ բարձրագույն կրթության համակարգում։ 2021 թվականից ի վեր երկկողմ բանակցությունների արդյունքում ստացել ենք համաձայնագրի մի նախագիծ, որն ապահովում է բուհի գործունեությունը երկու երկրների օրենսդրություններին համապատասխան, առավելագույնս համահունչ է բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ-ում տարվող քաղաքականությանը, հստակեցնում է բուհի կառավարման, ֆինանսավորման և բուհի բնականոն գործունեության կազմակերպման այլ կարևոր հարցեր՝ դրանով իսկ ապահովելով անհրաժեշտ պայմաններ հետագա զարգացման համար»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ նոր համաձայնագրով ՀՀ-ում համալսարանը հանդիսանում է պետական համալսարան՝ հիմնադրամի կարգավիճակով, իսկ ՌԴ-ում օգտվում է ՌԴ բարձրագույն կրթության դաշնային պետական կրթական կազմակերպության կարգավիճակից։ Մինչդեռ գործող համաձայնագրերով համալսարանը հանդիսանում էր իրավաբանական անձ՝ օժտված ոչ առևտրային բնույթի միջպետական կարգավիճակով, որը ՀՀ օրենսդրության իմաստով անորոշություն էր պարունակում։ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ անորոշ կազմակերպաիրավական ձևի պայմաններում առաջանում էին տարընթերցումներ և տարընկալումներ, իսկ համալսարանը բախվում էր իրավական խնդիրների։
Նոր համաձայնագրում առավել հստակ ձևակերպված են նաև համալսարանի կառավարման սկզբունքային մոտեցումները։ Մասնավորապես՝ սահմանվում է, որ համալսարանի կառավարման մարմիններն են՝ կառավարման խորհուրդը, ռեկտորը և գիտական խորհուրդը։
Կառավարման խորհուրդը կազմված է 12 անդամից՝ 4 ներկայացուցիչ յուրաքանչյուր լիազորված մարմնից և 4 ներկայացուցիչ համալսարանից՝ խորհդակցական ձայնի իրավունքով։ Կառավարման խորհուրդը հաստատում է համալսարանի կառուցվածքը և բյուջեն, տարեկան ֆինանսական հաշվետվությունը, ռազմավարական ծրագիրը և այլն։ Գիտական խորհուրդը զբաղվում է համալսարանի ակադեմիական գործունեության ընթացիկ և հեռանկարային զարգացման հարցերով։
Ռեկտորն իրականացնում է համալսարանի գործունեության անմիջական ղեկավարումը։ Ռեկտորն ընտրվում է կառավարման խորհրդի կողմից և պաշտոնում հաստատվում լիազորված մարմինների համատեղ հրամանով՝ մինչև 5 տարի ժամկետով։ Որպես լիազորված մարմիններ՝ հանդես են գալիս հայաստանյան կողմից ՀՀ ԿԳՄՍՆ-ն, իսկ ռուսաստանյան կողմից՝ ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը:
Արթուր Մարտիրոսյանը նաև տեղեկացրել է՝ համաձայնագրով նախատեսվում է հստակ մեխանիզմ ՌԴ բյուջեի հաշվին ընդունելության տեղերի հատկացման համար։ Գիտական, գիտատեխնիկական, նորարարական, փորձագիտական, փորձարարական, արդյունաբերագիտական գործունեությունն ապահովվում է նպատակային ֆինանսավորման աղբյուրների բազմաքանակությամբ՝ ՀՀ և ՌԴ ազգային ծրագրերին համապատասխան: ՌԴ բյուջետային հատկացումների հաշվին ուսուցումը կազմակերպվում է ՌԴ օրենսդրությանը համապատասխան, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ուսուցումը՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Համաձայնագիրը կնքվում է 10 տարի ժամկետով և կարող է երկարաձգվել:
Համաձայնագրի վերաբերյալ ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է պատգամավոր Ջուլիետա Ազարյանը: