ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2025 թվականի հուլիսի 2-ից մինչև սեպտեմբերի 30-ը։ Գործընթացն իրականացվում է համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման դրույթների:
Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է կամավոր ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։
Ատեստավորմանը մասնակցել ցանկացողները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում (matyan.emis.am) մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը՝ ժամը 18:00-ն, և նույն էջում ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:
Էլեկտրոնային մատյանում ատեստավորման հայտ ներկայացնելիս Կրթության կառավարման տեղեկատվական համակարգից հայտում ամրագրվում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը,
2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը),
3) դասավանդվող առարկան, որից պատրաստվում է ատեստավորվել (կարգի 10-րդ կետի դեպքում՝ որակավորման իր բազային կրթության կամ կարգի 13-րդ կետում նշված ցանկում ընդգրկված առարկան),
4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,
5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը։
1.Կամավոր ատեստավորման հայտ կարող են ներկայացնել նաև 1-12-րդ դասարաններում դասավանդվող ներքոնշյալ բոլոր առարկաներից հետևյալ անձինք.
1) Կամավոր ատեստավորմանը կարող է մասնակցել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը ևս, այդ թվում՝ ատեստավորմանը կարող է մասնակցել նաև «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող և ներքոնշյալ առարկաների մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչ չաշխատող անձը:
2) Կամավոր ատեստավորմանը կարող են դիմել և մասնակցել նաև նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները:
3) Ի գիտություն «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին՝ առաջնորդվելով ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 621-Լ որոշման պահանջներով՝ ծրագրի շահառու հանդիսացող անձը կարող է մասնակցել կամավոր ատեստավորման փուլին:
Վերոնշյալ 3 կետով ներկայացված դեպքերում ուսուցիչները կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հետևյալ հարթակում՝ (at.emis.am) մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 18:00-ն, և նույն էջում ստանում հաղորդագրություն հայտն ընդունված լինելու վերաբերյալ:
Հայտը ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) անձի անունը, ազգանունը, հայրանունը,
2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը),
3) բնակության վայրը (մարզը, համայնքը),
4) առարկան, որից պատրաստվում է ատեստավորվել (կարգի 10-րդ կետի դեպքում՝ որակավորման իր բազային կրթության կամ կարգի 13-րդ կետում նշված ցանկում ընդգրկված առարկան),
5) հանրային ծառայության համարանիշը,
6) էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը,
7) բարձրագույն կրթություն չունեցող անձինք ներկայացնում են կրթությունը հավաստող փաստաթուղթ, հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի պատճենները /կրթությունը հավաստող փաստաթուղթի հետ որպես մեկ ֆայլ սքան անել և ներբեռնել համակարգ/:
Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում:
Հայտերի լրացման մանրամասների համար կից ուղեցույցներն են՝
✓ Ուսուցիչ չաշխատող անձի համար - https://support.emis.am/article/910
✓ Դպրոցում աշխատող ուսուցիչների համար - https://support.emis.am/article/909
✓ Կայքից օգտվելու ուղեցույցը՝ https://shorturl.at/Mlh8b
✓2025 թվականին իրականացվող ուսուցիչների կամավոր ատեստավորման ուղեցույցներին կարող եք ծանոթանալ Գնահատման և թեստավորման պաշտոնական կայքէջից http://www.atc.am/ ՝ մուտք գործելով «Ուսուցիչների կամավոր ատեստավորում» բաժին:
Կամավոր ատեստավորումն, ըստ առարկաների, իրականացվում է էլեկտրոնային թեստավորման եղանակով (vexams.emis.am կայքի միջոցով) 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների, այդ թվում՝ դասվարների համար.
1) 5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, «Մայրենի լեզու (քրդերեն)» և «Մայրենի լեզու և գրականություն (քրդերեն)» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկայից, «Հայաստանի պատմություն» և «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Պատմություն» առարկայից, «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Աշխարհագրություն» առարկայից, «Ինֆորմատիկա» և «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Ինֆորմատիկա» և (տարրական դասարանից սկսած) «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաներից, իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում:
1-4-րդ դասարաններում դասավանդող դասվարները թեստավորվում են մեկ միասնական թեստով, որում ներառված են հարցեր «Մայրենի», «Մաթեմատիկա» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաներից։
2) 5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայաստանի պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն» («Բնություն»), «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» («Հայաստանի աշխարհագրություն»), «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Ինֆորմատիկա» (տարրական դասարանից սկսած՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»), «Հասարակագիտություն», «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Շախմատ» առարկաների ուսուցիչների, դասվարների ատեստավորումն իրականացվում է էլեկտրոնային թեստավորման եղանակով։ «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների և խմբակավարների ատեստավորումն իրականացվում է թղթային եղանակով:
• «Բնագիտություն» («Բնություն»), «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:
• Ե՛վ հայերենով, և՛ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում դասավանդելու դեպքում դասվարի թեստը կազմվում է միայն հայերենով:
• Ռուսերենով ուսուցմամբ դասարաններում դասավանդող դասվարի համար թեստը կարող է կազմվել ռուսերենով:
•Ուսումնական հաստատությունում նախարարության կողմից երաշխավորված դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ընդգրկված առարկաներից որևէ մեկով՝ իր ընտրությամբ:
Կամավոր ատեստավորմանը դիմած ուսուցիչները կամ ուսուցիչ չաշխատող անձինք ատեստավորման անցկացման վայրի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կստանան կամավոր ատեստավորման համակարգով (at.emis.am) կամ էլեկտրոնային մատյանի (matyan.emis.am) միջոցով, ինչպես որ գրանցվել են:
Այն ուսուցիչները, որոնք ներկայացվել են ատեստավորման առարկայական գիտելիքի իմացության կարիքի գնահատմամբ կամ նախորդ տարիներին կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չեն հաղթահարել և այս փուլում իրականացվող կամավոր ատեստավորմանը չեն հայտագրվել, նույնպես կստանան ծանուցում էլեկտրոնային մատյանի (matyan.emis.am) միջոցով, որպեսզի մասնակցեն կամավոր ատեստավորման քննություններին։
Կամավոր ատեստավորման քննությունները նախատեսվում է անցկացնել նոյեմբեր ամսին, իսկ ատեստավորված ուսուցիչների համար խրախուսման մեխանիզմը կկիրառվի 2026 թվականի հունվարից:
Կամավոր ատեստավորման դիմած ուսուցիչները, ինչպես նաև ուսուցչի պաշտոնի համար սահմանված պահանջներին համապատասխանող, սակայն տվյալ պահին չաշխատող անձինք, որոնք նույնպես հայտագրվել են, vexams.emis.am կայքում, իրենց հաշիվ մուտք գործելու համար նախ պետք է ընտրեն, թե ինչպես են գրանցվել՝ կամավոր ատեստավորման համակարգո՞վ (at.emis.am), թե՞ էլեկտրոնային մատյանի (matyan.emis.am) միջոցով։
Հաջորդ քայլով անհրաժեշտ է հավաքել մուտքային տվյալները, որոնք դիմողին տրամադրվել են հայտագրման ժամանակ. անհրաժեշտ է լրացնել այն մուտքանունն ու գաղտնաբառը, որով դիմողը մուտք է գործում at.emis.am (ուսուցիչ չաշխատող անձինք) կամ matyan.emis.am (գործող ուսուցիչները)։ Եթե կամավոր ատեստավորման դիմելուց հետո ուսուցիչն ազատվել է դպրոցից, միևնույն է՝ մուտք գործելու համար պետք է մուտքագրել էլեկտրոնային մատյանի նախկին օգտանունն ու գաղտնաբառը։
Մուտք գործելուց հետո դիմողը հարթակում կարող է ծանոթանալ իր ընտրած առարկայի թեստի նմուշին, ինչպես նաև փորձել լրացնել այն։