ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի երաշխավորման կարգը:
Լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի երաշխավորման նպատակով իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը դիմում-հայտը՝ համապատասխան լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրի հետ միասին, ներկայացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին:
Դիմում-հայտը լրացվում է՝ համաձայն հաստատված ձևի:
Լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիրը ներառում է՝
- անվանումը,
- ուղղությունը, ոլորտը,
- ծրագրի նպատակը,
- ակնկալվող վերջնարդյունքները,
- սովորողների տարիքային խումբը,
- ուսուցման կազմակերպման ձևը՝ անհատական, խմբային, խմբում սովորողների քանակը,
- ուսումնական պլանը (ժամաքանակը՝ գործնական, տեսական, բովանդակությունը),
- պահանջվող նյութատեխնիկական բազան,
- օգտագործված գրականության ցանկը, հղումները:
Նախարարությունը դիմում-հայտը ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիրը ներկայացնում է փորձաքննության։ Ծրագրի փորձաքննությունն իրականացնում է ոլորտային մասնագիտացված կազմակերպությունը՝ առավելագույնը տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում:
Կազմակերպության տրամադրած դրական փորձագիտական եզրակացության հիման վրա ԿԳՄՍ նախարարի հրամանով լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիրը երաշխավորվում է:
Բացասական փորձագիտական եզրակացության դեպքում՝ համապատասխան հիմնավորումներով այդ մասին ծանուցվում է հայտատուն՝ դիմումում նշված էլեկտրոնային հասցեով: Բացասական փորձագիտական եզրակացության արդյունքում հայտատուն լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրի լրամշակված տարբերակը կարող է կրկին ներկայացնել երաշխավորման՝ նույն ընթացակարգով:
Օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետական մարմինների կողմից հաստատված լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերը համարվում են երաշխավորված ինքնաշխատ եղանակով:
Ըստ կարգի՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերը երաշխավորվում են նախարարի հրամանով՝ ինքնաշխատ եղանակով, առանց փորձագիտական եզրակացության՝ տվյալ ծրագրերի վերաբերյալ գիտական խորհրդի կողմից հաստատված որոշման առկայության դեպքում: