«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթի նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ օրենսդրական փաթեթը մանրամասնորեն քննարկվել է և արտացոլում է ոլորտային շահառուների կարծիքներն ու դիրքորոշումները: «Նախատեսում ենք, որ օրենքի ընդունմամբ ոլորտը կարգավորող և տարբեր ժամանակներում ու պայմաններում ընդունված չորս օրենքների փոխարեն կունենանք մեկ միասնական օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա պատշաճ մակարդակի կրթական ծառայություններ մատուցել՝ ապահովելով երկու հիմնական գործիքների՝ լիցենզավորման և հավատարմագրման արդյունավետ աշխատանքը: Օրենսդրությունը կդառնա ավելի ուսանողակենտրոն՝ մասնավորապես հնարավորություն ընձեռելով ավելի ճկուն և անհատականացված կրթական գործընթացի կազմակերպման համար՝ ներառելով անհատական և ընտրական պլանով ուսումը կազմակերպելու հնարավորություն: Օրենքում առանձին սահմանվում է ուսանողական համարժեք փորձառությունն իբրև հասկացություն, որը նախագծի ամենակարևոր առանցքներից մեկն է»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ներդրվում է ոլորտի կառավարման թվային միջավայր, որի միջոցով ուսանողները կարողանալու են օգտվել տարբեր ծառայություններից ու ծրագրերից։ «Բուհերում ներդրվելու է նաև ուսանողական ինքնակառավարման նոր մշակույթ: Սա մեր լրջագույն խնդիրներից էր. ուսանողական շահերը ներկայացնող մարմինները վաղուց չէին ծառայում իրենց նպատակին: Դրանք երիտասարդական օղակներ էին, հիմնականում նաև կոնկրետ խմբերի համար կարիերա ապահովող, սակայն այս օրենսդրական փաթեթը հստակ ինստիտուցիոնալ գործիքակազմեր է նախատեսում ուսանողական մարմինների գոյության համար։ Նախատեսված են նաև ուսանողներին տրամադրվող կրթաթոշակային բազմամակարդակ համակարգեր, որոնցով պետությունը կկարողանա տարբեր թիրախային խմբերի համար աջակցության և խրախուսման տարբեր ծրագրեր իրականացնել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարության հանձնառությունն առ այն, որ պատշաճ առաջադիմության դեպքում ուսման վարձը չվճարելու պատճառով որևէ ուսանող դուրս չի մնալու բուհից, դառնալու է նաև այս կրթաթոշակային համակարգի առանցքային բաղադրիչը: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ նախատեսվում է կարգավորել համալսարանական ինկուբատորների ստեղծման ոլորտը, որը հանդիսանում է կրթություն-տնտեսություն-կապի կարևորագույն մոդելներից մեկը:

«Ընդհանուր առմամբ՝ մասնավորի ներգրավման և գիտելիքի առևտրայնացման առանձին և խոշոր գործիքներ են նախատեսված, որոնց ուղղված է նաև բարձրագույն կրթության և գիտության միասնական կարգավորումը, քանի որ հետազոտական գործունեությունը, ըստ այդմ, դառնում է նաև բուհերի գործունեության կարևոր ուղղվածություններից մեկը։

Գիտության ոլորտում նախատեսվում են խոշոր փոփոխություններ: Մասնավորապես՝ խոշորացված հետազոտական համալսարանների կառուցվածքում կգործեն գիտական կազմակերպություններ, որոնք կունենան ինքնակառավարման մեծ շրջանակ և իրենց հիմնական գործունեությանը զուգընթաց՝ ներգրավված կլինեն նաև կրթական գործընթացներում: Կարգավորվում են նաև հետազոտական աշխատանքների արդյունքում ստեղծվող մտավոր սեփականության հարցերը»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև Էթիկայի մարմնի ձևավորման առանձին հանձնառությունը, որն օրենքի նախագծում առանձին շեշտադրում կունենա: Այն կնպաստի ակադեմիական բարեվարքության և ազնվության ապահովմանը: Ամբողջանալու են նաև կառավարման համակարգի բարեփոխումները. կուսակցական և պետական պաշտոններ զբաղեցնող անձանց հնարավորություն չի տրվելու ներգրավվել խոշորացված բուհերի կառավարման մարմիններում և ղեկավար պաշտոններում:

«Էթիկայի կանոնակարգն ու էթիկայի ստանդարտներն ապահովելու են բուհերում կուսակցական և քաղաքական այլ տիպի գործունեության քարոզչության արգելքը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ էթիկայի կանոնակարգը լինելու է ներբուհական անկախ մարմին. օրենքի նախագծում սահմանվում են Էթիկայի հանձնաժողովի ձևավորման որոշ առանձնահատկություններ՝ հստակ դրույթով ամրագրելով այս մարմնի անկախությունը: Նախարարն այս խնդիրը կարևորել է նաև բարձրագույն կրթության եվրոպական տարածքում գտնվելու և վարկանիշավորման համակարգերում ներգրավվելու տեսանկյունից: «Մեր առաջնային խնդիրն է բուհերում ձևավորել միջավայր, որտեղ ուսանողների կողմից կա անհանդուրժողականություն լսարանում այլ հարցերով զբաղվող դասախոսների նկատմամբ: Ուսանողները պետք է պահանջատեր լինեն կրթության որակի նկատմամբ, իսկ լիազոր մարմինը պետք է ապահովի դրա գործնականությունը»,- հավելել է նա:
Լիցենզավորման պայմանների և պահանջների մասին խոսելիս Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ դրանք բխում են կրթության ոլորտում Կառավարության որդեգրած քաղաքականությունից, որը միտված է բուհերի խոշորացմանը և գիտահետազոտական կազմակերպություններին միավորմանը: Նախատեսված է ունենալ մինչև ութ պետական բուհ, որոնցից 4-ն ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային սանդղակներում։

Նա տեղեկացրել է, որ հանրային լսումներ են տեղի ունեցել, և կարծիքի հնարավորություն են ունեցել նաև մասնավոր բուհերի ներկայացուցիչները, որոնք մի շարք առաջարկներ են հնչեցրել լիցենզավորման պայմանների և այլնի վերաբերյալ: «Մինչև սեպտեմբեր կարող ենք մանրամասն քննարկել առկա մտահոգությունները և հասկանալ, թե օրենքը ինչպես կարող է ավելի լավ արտացոլել նաև մասնավոր ներդրումների հնարավորությունը: Առանձին կարգավորումներ են ամրագրված միջազգային հեղինակավոր բուհերի՝ Հայաստանում գործելու հնարավորությունների մասով, որոնք պիտի խրախուսեն նաև միջազգային հեղինակավոր բուհերի մուտքը Հայաստան»,- հավելել է Ժաննա Անդրեասյանը:

ԱԺ պատգամավորները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք վեաբերել են մասնավոր և մարզային բուհերի գործունեությանը, բուհերի լիցենզավորմանը, ուսանողների թվաքանակին, ոորտում մասնավոր ներդրումների հնարավորությանը և այլն:

Հարակից զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանն առաջարկել է կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը՝ միաժամանակ ընդգծելով, որ առաջինից երկրորդ ընթերցում, որը կկայանա աշնանը, կքննարկվեն խորհրդարանական լսումների և ամառվա ընթացքում ստացված առաջարկները: