ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում անդրադարձել է ոլորտային մի շարք խնդիրների, որոնց ինստիտուցիոնալ կարգավորմանն ուղղված է քննարկվող նախագիծը:
Բուհերում ուսանողների թիվը նվազել է «Եթե 2011-ին ուսանողների ընդհանուր թիվը Հայաստանում եղել է 102 հազարից ավելի, ապա 2021-ին արդեն 73 հազար էր կամ շուրջ մեկ երրորդով պակաս: Ուսանողական համակազմի այս կրճատումը չի ուղեկցվել բուհական համակարգի կառուցվածքային փոփոխությամբ: Հայաստանի 38 բուհում սովորում է 2000-ից քիչ քանակի ուսանող, այդ թվում՝ ութ պետական բուհերում, ինչը նշանակում է, որ բուհերը գործում են անընդհատ ֆինանսական անբավարարության պայմաններում՝ ի վիճակի չլինելով ապահովել ակադեմիական կազմի պատշաճ վարձատրությունը, կրթական ենթակառուցվածքների պահպանությունը և զարգացումը»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու նշել՝ բուհերի խոշորացման գործընթացն արդեն տևական ժամանակ իրականացվում է բազմաթիվ երկրներում:
Ժաննա Անդրեասյանը նաև նշել է՝ լրջագույն խնդիրներ են առկա բուհերի ֆինանսավորման համակարգում: Նրա դիտարկմամբ՝ չի կարող բարձրագույն կրթությունը զարգանալ, եթե չի գործում ֆինանսավորման արդյունավետ համակարգ:
«Բուհերը ստանալու են հնարավորություն՝ ունենալու առանձին ֆինանսավորում ինստիտուցիոնալ կառուցվածքների համար, նորարարությունն ու մրցունակությունը խթանելու համար: Միաժամանակ ներդրվում է ուսանողների կրթաթոշակային համակարգ, որը հնարավորություն է տալու պատշաճ առաջադիմության դեպքում ապահովել նրանց կրթության անընդհատությունը պետության աջակցությամբ: Լրջագույն խնդիրներ ենք տեսնում նաև ուսանողի փորձառության վերաբերյալ. ուսանող լինելը չի նշանակում միայն ներկա լինել լսարանում և լսել դասախոսին: Ուսանող լինելը նշանակում է ունենալ հասանելիություն այն միջավայրերին ու ենթակառուցվածքներին, որտեղ նաև նրանք զարգանում են և դառնում մասնագետներ: Այդ ենթակառուցվածքների հասանելիությունն է նաև, որ պետք է ապահովի ուսանողական փորձառությունը: Սա ներառված է օրենքի հիմնական հասկացությունների շարքում, և մեզ համար կարևորագույն սկզբունք է»:
Ամփոփելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ներդրվել են մի շարք նոր գործիքներ, որոնք նպաստելու են բարձրագույն կրթության և գիտության համակարգի՝ միջազգայնորեն մրցունակ դառնալուն։
«Ես, նախարարության մեր թիմը և, կարծում եմ, որ շատ մարդիկ, որոնք ամեն օր աշխատանք են դնում ոլորտի կայացման, բարեփոխման և արդյունք ստանալու համար, խորապես հավատացած ենք, որ այս ինստիտուցիոնալ բարեփոխումը լինելու է, որը միանգամայն իրատեսական է»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով ներկայության և մասնակցության համար: