Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Դիլիջանի Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը:
Եզրափակիչ փուլի մրցումներին հետևել և հաղթողներին պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Մրցաշարին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 5000 մետր մրցատարածությունը: Եզրափակչին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում:
Մրցաշարի հաղթողի կոչմանն արժանացել են Սյունիքի մարզի Կապան համայնքի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցի սաները: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցի թիմը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին հերթական մրցաշարի առիթով և գոհունակությամբ նշել, որ ամեն տարի մրցաշարին մասնակցող դպրոցների և աշակերտների թիվն աճում է: Վարչապետը ներկայացրել է առաջիկա ծրագրերը, մասնավորապես, որ այս տարվանից նախատեսվում է լողի մրցաշարն անցկացնել դպրոցականների ձևաչափով՝ լողավազաններում: Նախատեսվում է նաև հեղինակային երգի դպրոցականների փառատոն անցկացնել.
«Մենք ուզում ենք, որ համայնքների, երեխաների, ուսուցիչների համար դասապրոցեսից դուրս դպրոցը շարունակի մնալ կյանքի կենտրոն: Դպրոցը, իսկապես, կյանքի կիզակետն է․ բոլոր հարցերի լուծումն անցնում է կրթության միջոցով: Նույնիսկ հանրային առողջապահության ոլորտում բազմաթիվ պրոբլեմներ կապված են կյանքի ոճից․ կարևոր է կյանքի ոճի մեջ ավելի շատ շարժում, սպորտ, ֆիզկուլտուրա ունենալ, որպեսզի կյանքն ավելի երկար և ավելի հաճույքով կարողանանք վայելել»։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլորին մրցաշարի կազմակերպման, անցկացման համար և ընդգծել լավագույն այս ավանդույթների շարունակականության անհրաժեշտությունը:
Ողջունելով մասնակիցներին և շնորհավորելով մրցաշարի կայացման առթիվ՝ Ժաննա Անդրեասյանը ևս առանձնակի ընդգծել է մասնակիցների թվի աճը. «Ընդամենը երկու տարի առաջ նախնական փուլերին շուրջ 250 դպրոցի մասնակցություն ունեինք: Այս տարի ավելի քան 380 դպրոց է մասնակցել։ Վստահ եմ՝ մասնակցության ավելի մեծ ներուժ կա, քանի որ վազքն այն մարզաձևն է, որին մասնակցելու համար բոլոր դպրոցներն ունեն անհրաժեշտ պայմաններ: Միևնույն ժամանակ, նույնիսկ այն թիմերը, որոնք մասնակցում են երկրորդ կամ երրորդ անգամ, ամեն տարի անցնում են մրցակցային ընտրության փուլերով: Թիմերի կազմերը փոխվում են, հայտնվում են նոր մասնակիցներ: Դպրոցներում նաև ներքին ընտրության ընթացակարգ է կազմակերպվում, որոնց հաճախ մինչև 200 աշակերտ կարող է մասնակցել: Սա վկայում է այն մասին, որ ֆիզիկական առողջ ակտիվության ու սպորտով զբաղվելու մշակույթը տարածվում է», - ասել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ հաջողության հասնելու միակ տարբերակը ամբողջ տարվա ընթացքում քրտնաջան աշխատանքն է: «Հնարավոր չէ հասնել եզրափակիչ, եթե մեկ-երկու մարզում ես անցկացնում: Ամբողջ տարին պետք է հետևողական աշխատանք իրականացնել: Այստեղ ավելի քան կարևոր է ուսուցիչների դերը»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու շնորհակալություն հայտնել մասնակից թիմերի ուսուցիչներին՝ հույս հայտնելով, որ նրանց օրինակը կխրախուսի ֆիզկուլտուրայի բոլոր ուսուցիչներին՝ նպաստելով երեխաների ավելի ակտիվ ներգրավվածությանը:
Եզրափակիչ փուլին մասնակցել են Երևանի Հայ-չինական բարեկամության դպրոցի, Ագարակի միջնակարգ դպրոցի (Արագածոտն), Ուրցաձորի միջնակարգ դպրոցի (Արարատ), Ջրառատի Թաթուլ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի (Արմավիր), Ծակքարի միջնակարգ դպրոցի (Գեղարքունիք), Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի (Լոռի), Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցի (Կոտայք), Առափի միջնակարգ դպրոցի (Շիրակ), Կապանի Հ. Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցի (Սյունիք), Արենիի միջնակարգ դպրոցի (Վայոց ձոր) և Սևքարի միջնակարգ դպրոցի (Տավուշ) թիմերը:
ՀՀ 10 մարզերում և Երևան քաղաքում 2025 թվականի մայիս ամսվա ընթացքում անցկացվել էր «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի 1-ին՝ մարզային փուլը, որին 381 դպրոցի 2667 աշակերտ էր մասնակցել: Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:
Մասնավորապես՝ առաջին տեղ զբաղեցրած դպրոցը կստանա 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կստանա 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված է համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցչի, 100 հազարական դրամ՝ աշակերտների, 300 հազար դրամ՝ ուսուցչի և 75 հազարական դրամ՝ աշակերտների համար (հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն):